Թրամփը Պենտագոնին հանձնարարել է անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է Պենտագոնին անհապաղ սկսել միջուկային զենքի փորձարկումները: Նա համապատասխան հրապարակումը տեղադրել է Truth Social-ում:


Թրամփի խոսքով՝ Միացյալ Նահանգները «ունի միջուկային զենքի ամենամեծ զինանոցը»:


«Ռուսաստանը երկրորդն է, իսկ Չինաստանը, որը զգալիորեն հետ է մնում, զբաղեցնում է երրորդ տեղը, բայց հինգ տարվա ընթացքում կհավասարվի: Կապված այլ երկրների փորձարկման ծրագրերի հետ՝ ես հանձնարարել եմ ռազմական նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար հիմունքներով: Այս գործընթացը կսկսվի անհապաղ»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Առայժմ հասկանալի չէ՝ Դոնալդ Թրամփը արդյոք նկատի ունի՞ լիարժեք միջուկային պայթյունները, թե՞ մարտագլխիկների ստուգումները՝ առանց պայթյունի։


Միացյալ Նահանգները լիարժեք միջուկային զենքի փորձարկումներ չի անցկացրել 1992 թվականից ի վեր։ Վաշինգտոնը ստորագրել է, բայց չի վավերացրել 1996 թվականի Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը: Այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները առանց պայթյունի մարտագլխիկների ստուգման ստորգետնյա միջուկային փորձարկումներ է անցկացնում Նևադայի պոլիգոնում։