2018-ի ճանապարհով պետք է լուծվեն եկեղեցու խնդիրները

Սահմանադրագետ, իրավական գիտությունների թեկնածու  Արտաշես Խալաթյանի հետ զրուցել ենք բարձրաստիճան հոգևորականներ-իշխանություն հակամարտության հանգուցալուծման, Կտրիճ Ներսիսյանի հեռանալու հնարավորությունների և Գյումրիում տեղի ունեցած իրադարձություններից հետո վերջին կալանավորումների մասին։


- Պարոն Խալաթյան, Կտրիճ Ներսիսյանի գլխավորությամբ բարձրաստիճան հոգևորականների և իշխանության միջև հակամարտությունը գնալով սրվում է։ Քանի որ մեր երկրում եկեղեցին և պետությունը անջատ են, ինչպե՞ս կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հասնել Կտրիճ Ներսիսյանի հեռացմանը։


- Կա հստակ հարց, որի պատասխանն առ այսօր չի տրվում կոնկրետ Գարեգին Բ-ի կողմից, առ այն, թե արդյոք ունի՞ դուստր, թե՞ ոչ։ Այստեղ կա շատ կարևոր հանգամանք, որին շատ քիչ է ուշադրություն դարձվում, որ եթե Գարեգին Բ-ն ունի դուստր, իսկ որքան ես գիտեմ՝ այդ դուստրը մոտ 35-40 տարեկան է, և եթե այդ փաստը հաստատվում է, ապա Գարեգին Բ-ն ի սկզբանե չէր էլ կարող ընտրվել կաթողիկոս։ Հետևաբար այստեղ շուրջ 26 տարվա կաթողիկոսության լեգիտիմության հարցն է դրված նժարին, և էդտեղ եկեղեցու գլխի լռությունը հենց ստեղծում է քաոս և իրարանցում։ Եթե Գարեգին Բ-ն գտնում է, որ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, ապա նա պետք է հանդես գա հրապարակային հայտարարությամբ և հերքի այդ ամենը ու իրավիճակը հանդարտեցնի։ Հակառակ պարագայում ես կարծում եմ, որ նա պետք է վայր դնի իր կաթողիկոսական, հոգևոր մանդատը։ Որովհետև իրականում Հայաստանի 3-րդ հանրապետության բոլոր դժբախտությունները սկսվել են լեգիտիմության դեֆիցիտից։ Ընդ որում, եղել է փաստորեն մի պահ, որ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ իշխանությունները տառապել են լեգիտիմության դեֆիցիտով։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես դա կհաջողվի, ես կարծում եմ, որ գործընթացը պետք է լինի հնարավորինս ներառական, եկեղեցու հավատավոր հոտը հնարավորինս պետք է մասնակից լինի այս գործընթացին։ Եվ այստեղ կարևորը չտրվել սադրանքներին, և ինչպես 2018-ին Հայաստանում դեմոկրատական ճանապարհով փոխվեց իշխանությունը, նույնպիսի դեմոկրատական ճանապարհով պետք է լուծվեն եկեղեցում տասնամյակներ շարունակ ծագած բոլոր խնդիրները։


- Արդեն երկրորդ կիրակին է, որ Հովհաննավանքում տեր Արամի մատուցմամբ և ՀՀ վարչապետի մասնակցությամբ տեղի է ունենում պատարագ, և ահա վարչապետը հայտարարեց, որ հաջորդ պատարագը տեղի է ունենալու Թալինում։ Ըստ Ձեզ՝ այս պատարագներով հնարավո՞ր է հանգուցալուծման հասնել։


- Ես կարծում եմ, որ պատարագները հավատավոր ժողովրդին իրազեկելու և ժողովրդական զանգվածները տոկուն պահելու նպատակ են նաև հետապնդում, որովհետև կարծում եմ, որ հանգուցալուծումը պետք է լինի ժողովրդական հոծ բազմության քայլերթը դեպի Մայր աթոռ։ Իհարկե, գործընթացը պետք է բացառապես լեգիտիմ լինի, իսկ լեգիտիմության հիմքը ժողովուրդն է՝ հավատավոր հոտը։    


- Այսօր տեղեկացանք, որ Թալինի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Ի՞նչ եք կարծում՝ նրան նո՞ւյնպես կարգալույծ կանեն։


- Եկեղեցում, ցավոք, կարգալույծ անելը, որը բացառապես հոգևոր բնույթի խորհուրդ ունի, բայց, ցավոք, կարգալույծ անելու ինստիտուտը տասնամյակներ շարունակ, երևի թե մոտ 25 տարի, դարձել է ավելի շատ աշխարհիկ հարցեր լուծելու միջոց և կարծես համընկնում է պաշտոնազրկման, սովորական աշխատանքից ազատելու ինստիտուտի հետ, ինչն անթույլատրելի է։ Եվ եկեղեցին, փաստորեն, քահանային կարգալույծ անելը դարձրել է եկեղեցու  որոշակի քաղաքականացված շրջանակների շահերին, ըստ իրենց,       հակառակ գնացող քահանաներին պարզապես մեջտեղից հանելու և եկեղեցում միաձայնություն ապահովելու միջոց։    


- Խոսենք նաև Գյումրիում տեղի ունեցած իրադարձությունների,  համայնքապետ Վարդան Ղուկասյանի և մյուս կալանավորված անձանց մասին։ Վարդան Ղուկասյանի մասով կա հստակ ձայնագրություն, սակայն նրան աջակցողները փորձում են այս ամենին քաղաքական աստառ տալ և համարել այն քաղաքական հետապնդում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք այս ամենի մասին։


- Հայաստանում իրավապահ համակարգի գործողությունները բավականին մտահոգիչ են իրենց անատամ լինելու և ընդհանրապես հանցածին միջավայրը չհանդարտեցնելու առումով։ Ըստ էության, մենք մի իրավիճակում ենք, երբ ցանկացած միջին և խոշոր տրամաչափի առերևույթ հանցանք կատարած անձ իրեն նախ՝ ուշացած օրենքի դաշտ բերելուն պատասխանում է քաղաքականության մեջ մուտք գործելով կամ հարցը քաղաքականացնելով։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հանցագործության կատարման նախականխող գործողությունները տեղի են ունենում բավականին ուշացած, քրեական գործերը հարուցվում են բավականին թերի, մենք փաստորեն ունենք մի իրավիճակ, երբ քաղաքականությունը դարձել է ուշացած արդարադատության առաջ կանգնեցված անձանց համար փրկության վերջին միջոցն ու հանգրվանը։ Նույն Վարդան Ղուկասյանի հետ կապված, ես կարծում եմ, որ դատաիրավական համակարգը բոլոր հնարավորություններն ուներ բացահայտելու նրա կողմից կատարված բազմաթիվ հանցագործությունները, և փաստացի մենք չէինք ունենա ընտրական ճանապարհով այդ մարդու քաղաքապետի պաշտոնի ստանձնում, և դա քաղաքական շահարկումների համար լայն դաշտ է բացում։ Այս ամեն ինչին պետք է վերջ տրվի, և ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի իրավապահ մարմինները շատ հատու և կոշտ միջոցներով իրավակարգը վերականգնեն ու պահպանեն և թույլ չտան, որ կրիմինալը խառնվի քաղաքականությանը։            


- Վարդան Ղուկասյանի կալանավորմանն է անդրադարձել  ՌԴ ԱԳՆ  պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մասնավորապես նշելով. «Անհնար է զարմանք չարտահայտել այն կապակցությամբ, որ Ռուսաստանի հետ համագործակցության առավելությունների մասին դատողություններում ինչ-որ մեկը կարողացել է ինքնիշխանությունից հրաժարվելու կոչեր տեսնել: Նման մեղադրանքները հատկապես տարօրինակ են հնչում հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Հայաստանը մտադիր է շարժվել ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ»: Ի դեպ, Զախարովայի այս հայտարարությունը տեղ է գտել նաև Գյումրու համայնքապետարանի էջում։ Կխնդրեմ այս մասով հայտնեք Ձեր կարծիքը։


- Ակնհայտ է, որ այստեղ կա նաև արտաքին քաղաքական որոշակի հովանավորություն, որովհետև այդ անձը խոսում էր ոչ թե հայ-ռուսական հարաբերությունների մերձեցման, այլ Ռուսաստանին միանալու մասին, և հիմա մենք ՔՕ-ում ունենք հոդված, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում նմանատիպ արարքների համար, ինքնիշխանության չեզոքացման, վերացման  կոչերի համար։ Հետևաբար այստեղ ամեն ինչ օրինական է։ Իսկ այն փաստը, որ Գյումրիի համայնքապետարանը այլ երկրի պաշտոնական ներկայացուցչի խոսքը տեղադրում է իր կայքում, ցույց է տալիս, թե ինչպիսի աշխարհաքաղաքական բաժանումներ են փորձում անցկացնել Հայաստանում օտար ուժերը։ Եվ,  ցավոք սրտի, կան այդ փորձերն արդարացնող, դրան սատարող շրջանակներ, որոնք, իհարկե, այսօր իրենց անձնական ազատության ու անձեռնմխելիության համար են կարծես ապավինում դրսի ուժերին։ Իհարկե, սա մտահոգիչ է։

 

Լիլիթ Թադևոսյան