Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում հաղթել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության 34-ամյա ներկայացուցիչ Զոհրան Մամդանին։
Նրա մրցակիցը Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու
Կուոմոն էր: Նա առաջադրվել էր որպես անկախ թեկնածու՝ Դեմոկրատական կուսակցության
փրայմերիզներում Մամդանիի կոմից պարտվելուց հետո։
Քվեարկության պաշտոնական արդյունքները դեռևս չեն
ամփոփվել, բայց Կուոմոն ընդունել է պարտությունը։ CBS News-ի կանխատեսումներով՝ Մամդանին
հավաքել է ձայների 50.3%-ը, Կուոմոն՝ 41.6%-ը։ Նյու Յորքի ընտրական խորհրդի տվյալներով՝
քվեարկությանը մասնակցել է ավելի քան երկու միլիոն մարդ, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ
է 1969 թվականից ի վեր։
Մամդանին երդում կտա 2026 թվականի հունվարի 1-ին։
Դրանից հետո, ինչպես նշում է Bloomberg-ը, նա կդառնա վերջին 100 տարվա ընթացքում Նյու
Յորքի ամենաերիտասարդ քաղաքապետը, ինչպես նաև առաջին մուսուլմանը և հարավասիական ծագում
ունեցող առաջին անձը այդ պաշտոնում։ Մամդանին ծնվել է Ուգանդայում, մեծացել է Քեյփթաունում՝
Հարավային Աֆրիկա, և տեղափոխվել է Նյու Յորք, երբ յոթ տարեկան էր։
Մամդանին այդ պաշտոնում կփոխարինի դեմոկրատ Էրիկ
Ադամսին, որը հրաժարվել է ընտրություններին մասնակցությունից ցածր վարկանիշի և մի շարք
սկանդալների ֆոնին։
Ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը կոչ էր արել
ընտրողներին քվեարկել Էնդրյու Կուոմոյի օգտին և սպառնացել դադարեցնել Նյու Յորքի դաշնային
աջակցությունը, եթե Մամդանին հաղթի։ «Եթե կոմունիստ թեկնածու Զոհրան Մամդանին հաղթի
Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, ինչը չափազանց անհավանական է, ես կհատկացնեմ
միայն օրենքով անհրաժեշտ դաշնային միջոցներ իմ սիրելի քաղաքի համար»,- հայտարարել էր
նա: