ԱՄՆ կառավարությունն արդեն 36 օր է՝ մասնակի դադարեցրել է իր գործունեությունը (շաթդաուն)՝ Կոնգրեսի կողմից պետական ծառայությունների ֆինանսավորման շուրջ համաձայնության չգալու պատճառով։ Այսպիսով, ընթացիկ շաթդաունը դարձել է երկրի պատմության մեջ ամենաերկարը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախորդ 35-օրյա ռեկորդը գրանցվել էր Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում և ավարտվել 2019 թվականի հունվարին։
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ երկրի որոշ մասերում օդային տարածքը կարող է փակվել, եթե շաթդաունը շարունակվի. մոտ 13 000 օդային երթևեկության կարգավարներ ներկայում աշխատում են առանց վարձատրության։
«Եթե դուք՝ դեմոկրատներդ, մեկ շաբաթվա ընթացքում չգործեք, կտեսնեք մեծ քաոս», - նշել է Դաֆին՝ հավելելով, որ կլինեն չվերթերի զանգվածային ուշացումներ ու չեղարկումներ և հնարավոր է՝ նույնիսկ օդային տարածքի որոշ մասերի փակում։
Դաշնային ծառայության աշխատակիցների մեծ մասն անորոշ ժամանակով արձակուրդի է ուղարկվել։
Ֆինանսավորման պակասը նաև նվազեցրել է այն ամերիկացիներին տրամադրվող աջակցությունը, որոնք կախված են սննդի օգնությունից (օրինակ՝ սննդի կտրոններ):
Հանրապետականները վերահսկում են Կոնգրեսի երկու պալատները, սակայն Սենատում նրանք չունեն ծախսերի օրինագիծն ընդունելու համար անհրաժեշտ 60 ձայնը (100-ից)։
Դեմոկրատները մերժել են հանրապետականների կողմից ներկայացված օրինագիծը, քանի որ նրանց կարծիքով՝ այն կդժվարացնի ամերիկացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը։
Դեմոկրատները ձգտում են չեղարկել Medicaid ծրագրի կրճատումները, որն օգնում է վճարել ցածր եկամուտ ունեցող, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց բժշկական ծախսերը, և երկարաձգել առողջության ապահովագրության հարկային վարկերը, սակայն հանրապետականները հրաժարվում են զիջել այս հարցում։ Հանրապետականներն, իրենց հերթին, մեղադրում են դեմոկրատներին արտաքին քաղաքական նպատակներով «կառավարությանը պատանդ պահելու» համար։
ԱՄՆ Սենատը կառավարության ֆինանսավորման միևնույն ժամանակավոր օրինագծի շուրջ քվեարկել է տասնյակից ավելի անգամ, սակայն ապարդյուն: Նոյեմբերի 4-ին ևս մեկ փորձ կրկին ձախողվել է։
Տեղեկություններ են հաղորդվում, որ երկու կողմերը ձգտում են համաձայնության գալ մինչև Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 27-ը։