Ղազախստանը միացել է Աբրահամյան համաձայնագրերին. Թրամփ

Ղազախստանը դարձավ առաջին երկիրը, որը միացավ Աբրահամյան համաձայնագրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում: Այս մասին հայտարարել է ինքը՝ Սպիտակ տան ղեկավարը, իր, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցի արդյունքներով։


«Ես հենց նոր կարևոր հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի միջև։ Ղազախստանը իմ երկրորդ ժամկետի ընթացքում առաջին երկիրն է, որը միացավ Աբրահամյան համաձայնագրերին՝ առաջինը շատերից։ Սա կարևոր առաջ քայլ է ամբողջ աշխարհով կամուրջներ կառուցելու գործում... Շուտով կհայտարարենք ստորագրման արարողության մասին, որպեսզի դրան տանք պաշտոնական բնույթ, և ավելի շատ երկրներ ևս ձգտում են միանալ ուժեղների այս ակումբին...»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը Truth Social-ում։


Ղազախստանի նախագահը նշել է, որ ԱՄՆ նախագահը կարողացել է հասնել ուշագրավ արդյունքների, որոնք շատերը համարում էին անհասանելի, ստեղծելով իրական նախադրյալներ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու համար։


Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնել է Ղազախստանի աջակցությունը ԱՄՆ նախագահի խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծին, որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը։


Դոնալդ Թրամփը, իր հերթին, հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ Ղազախստանի հետ բազմակողմանի, ընդլայնված ռազմավարական գործընկերությունը ամրապնդելու հարցում։


Առաջնորդները ողջունել են Ղազախստանի և Միացյալ Նահանգների միջև այցի շրջանակներում առևտրային համաձայնագրերի ստորագրումը, որոնց արժեքը ավելի քան 17 միլիարդ դոլար է։