TRIPP-ը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանը. Իրականում դա մեծ համաձայնագիր է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ TRIPP (The Trump Route for International Peace and Prosperity-«Թրամփի երթուղի») նախագիծը կանցնի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կնպաստի Կասպից ծովի մյուս կողմում առևտրի աճին, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրների զարգացմանը։ Այս մասին Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ։


Նա նշել է, որ նախագիծը հնարավոր դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագրի ստորագրումից հետո։


«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նաև նոր «Թրամփի երթուղու» կառուցումը։ Դա հրաշալի է։ Նրանք (Հայաստանն ու Ադրբեջանը) այն անվանել են իմ պատվին։ Ես իրոք բարձր եմ գնահատում դա։ Իրականում դա մեծ համաձայնագիր է։ Դա նոր «Թրամփի երթուղին» է միջազգային խաղաղության համար։ Դա ուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով, որը կմեծացնի առևտրային գործունեությունը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին։ Ես վստահ եմ, որ այսօր այստեղ ներկա յուրաքանչյուր երկիր, ընդունելով մեր համաձայնագրի ընձեռած հնարավորությունը, կօգտվի խաղաղության հնարավորություններից»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։