BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթը խմբագրելու պատճառով

BBC-ի գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News լրատվական ստորաբաժանման ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի խմբագրված ելույթ հետ կապված սկանդալի պատճառով, հայտնել է Բրիտանական հեռարձակման կորպորացիան։


Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ BBC-ի ներքին ծառայողական գրառման համաձայն՝ Panorama-ն խմբագրել է Թրամփի ելույթի երկու մասերը այնպես, որ տպավորություն է ստեղծվել, թե նա ակնհայտորեն խրախուսել է Կապիտոլիումի անկարգությունները 2021 թվականի հունվարին։ Այս ֆոնին Բրիտանիայի ընդդիմադիր Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոկը BBC-ին հրաժարականի կոչ է արել։


Բրիտանական հեռարձակման կորպորացիան հրապարակել է Թիմ Դեյվիի հայտարարությունը նրա հրաժարականից հետո. «Ինչպես բոլոր պետական կազմակերպությունները, BBC-ն նույնպես կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա բանավեճը հասկանալի պատճառներով ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ է աշխատում, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը»։

 

Դեբորա Թըրնեսը առանձին հայտարարության մեջ նշել է, որ տեղի ունեցածի համար պատասխանատվությունն ընկած է իր վրա։


Թիմ Դեյվին BBC-ում է աշխատել 2005 թվականի ապրիլից, նա ղեկավարել է հեռարձակման կորպորացիան 2020 թվականի սեպտեմբերից։