ԱՄՆ-ն հույս ունի գերազանցել Չինաստանին անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում

ԱՄՆ-ը վստահ է, որ մոտ ապագայում կկարողանա գերազանցել Չինաստանին անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրության տեմպերով։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսկոլը։

 

Հաղորդավարուհին խնդրել է մեկնաբանել ԱՄՆ ղեկավարության ծրագրերը՝ առաջիկա 2-3 տարիների ընթացքում Պենտագոնի համար մեկ միլիոն ԱԹՍ ձեռք բերելու մասին, ինչպես նաև մրցակցությունը Չինաստանի հետ։ Դրիսկոլի խոսքով՝ վերջին տասնամյակներում ԱՄՆ-ը սխալ մոտեցում է ունեցել՝ զենքի արտադրությունը թողնելով միայն մասնավոր ընկերություններին կամ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններին։

 

«ԱԹՍ-ների դեպքում մենք այլ կերպ կվարվենք։ Եթե նայենք Ուկրաինային, նրանք տարեկան արտադրում են մոտ 4 միլիոն ԱԹՍ, իսկ Չինաստանը՝ մոտ 12-14 միլիոն։ Մենք որպես երկիր պետք է ստանանք մասնավոր հատվածի աջակցությունը», — ասել է նա։

 

Նրա խոսքով՝ ԱՄՆ ցամաքային զորքերը մտադիր են ԱԹՍ-ների բաղադրիչները արտադրել իրենց բազայում, իսկ մասնավոր ընկերությունները դրանք կգնեն։

 

«Այսպիսով, մենք կարտադրենք ԱԹՍ-ներ, մեր մասնավոր գործընկերները նույնպես կարտադրեն, և մենք շատ արագ կգերազանցենք Չինաստանին», — վստահեցրել է Դրիսկոլը։

 

Հիշեցնենք , որ հունիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, ըստ որի՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը պետք է արագացնի ամերիկյան տեխնոլոգիաների մշակումը և փորձարկումը՝ ԱԹՍ-ների արտադրությունն ու արտահանումը մեծացնելու նպատակով։

 

Բացի այդ, նա հանձնարարել է ուժեղացնել պաշտպանությունը ժամանակակից ԱԹՍ-ներից։ Հուլիսին Fox News-ը հաղորդել է, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նույնպես հանձնարարել է արագացնել ԱԹՍ-ների արտադրությունն ու տեղակայումը՝ փորձելով առաջ անցնել Ռուսաստանից և Չինաստանից։

 

Թրամփը բազմիցս նշել է, որ ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են ԱԹՍ-ների կիրառման փորձը Ուկրաինայի ռազմական գործողությունների ընթացքում։