Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշը գնահատվել է 5 մլրդ դոլար

Forbes USA-ը հայտնում է, որ ձեռնարկատեր և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հիմնած Skims ընկերությունը նոր ֆինանսավորման փուլում ներգրավել է 225 միլիոն դոլար, ինչի արդյունքում ընկերությունը գնահատվել է 5 միլիարդ դոլար։


Ըստ Forbes USA-ի՝ վերջին ֆինանսավորման փուլից հետո գործարար կնոջը պատկանում է ընկերության բաժնետոմսերի մեկ երրորդ մասից մի փոքր պակաս։ Այն Քարդաշյանի կարողությանը ավելացրել է ևս 200 միլիոն դոլար, իսկ նրա ընդհանուր կարողությունը ներկայումս գնահատվում է 1.9 միլիարդ դոլար։


Ապրանքանիշի գլխավոր ստեղծագործական տնօրեն Քիմ Քարդաշյանն ասում է.        


«Մենք անհամբեր սպասում ենք Skims-ի հաջորդ մակարդակին հասնելուն՝ շարունակելով նորարարությունները և սահմանելով չափանիշ մեր ոլորտի համար»:


Skims-ը Քարդաշյանի և նրա գործընկերների կողմից 2019 թվականին ստեղծված ապրանքանիշ է։ Սկզբում այն կենտրոնացած էր մարմինն ընդգծող հագուստի վրա, սակայն հետագայում ընդլայնել է իր տեսականին՝ ներառելով մարզաշապիկներ, գիշերանոցներ և այլ հագուստներ։


2023 թվականի ֆինանսավորման փուլում ընկերությունը գնահատվել էր 4 միլիարդ դոլար։ Ներկայում Skims-ն ունի ավելի քան 20 խանութ ԱՄՆ-ում և Մեքսիկայում։