Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշը նվազել է մինչև 38%․ ի՞նչ գործոններ են ազդել․ Reuters/Ipsos

Reuters/Ipsos-ի հարցման համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է մինչև 38 տոկոս, ինչը նրա իշխանության վերադարձից ի վեր ամենացածր ցուցանիշն է։ Հարցման տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս վարկանիշը կազմում է 38 տոկոս, ինչը երկու տոկոսային կետով պակաս է, քան նոյեմբերի սկզբին անցկացված հարցման արդյունքները։


Ինչպես նշում է «Ռոյթերս»-ը, Թրամփը երկրորդ նախագահական ժամկետը սկսել էր ամերիկացիների 47 տոկոսի աջակցությամբ։ Ներկայիս վարկանիշը մոտ է նրա առաջին պաշտոնավարման ամենացածր ցուցանիշներին։


Բացի այդ, նոր հարցումը ցույց է տվել, որ նրա վարկանիշը Հանրապետականների շրջանում այժմ կազմում է 82 տոկոս, մինչդեռ ամսվա սկզբին այն 87 տոկոս էր։


Հարցված ամերիկացիների դժգոհության պատճառներից են սննդամթերքի գները, ինչպես նաև Ջեֆրի Էպշտեյնի հետ կապված սկանդալը։


Հարցումը անցկացվել է առցանց՝ երկրի մասշտաբով, որին մասնակցել է 1,017 ամերիկացի։ Հնարավոր սխալի սահմանը մոտ երեք տոկոս է։