Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Մամդանիի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու է Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանիի հետ։ Այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Truth Social հարթակում արված գրառման մեջ։


«Նյու Յորքի կոմունիստ քաղաքապետ Զոհրան Մամդանին ինձ հետ հանդիպում է խնդրել։ Մենք համաձայնել ենք, որ այդ հանդիպումը տեղի ունենա Օվալաձև սենյակում նոյեմբերի 21-ին՝ ուրբաթ օրը»,- գրել է նա։


Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, Մամդանիի գրասենյակից ևս հաստատել են հանդիպման մասին լուրը՝ ընդգծելով, որ Նյու Յորքի ընտրված քաղաքապետը ծրագրում է Վաշինգտոնում հանդիպել նախագահին՝ քննարկելու հանրային ու տնտեսական անվտանգության, ինչպես նաև քաղաքն ավելի մատչելի դարձնելու օրակարգը, որի օգտին միլիոնավոր քաղաքացիներ քվեարկեցին երկու շաբաթ առաջ։ 


Մամդանին կսկսի պաշտոնավարումը 2026 թվականի հունվարի 1-ից։ 


34-ամյա դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին լինելու է Նյու Յորքի առաջին մուսուլման քաղաքապետը։