«Նա ստիպված կլինի այն հաստատել մինչև նոյեմբերի 27-ը»․ Թրամփը Զելենսկիին վերջնագիր է ներկայացրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստիպված կլինի հավանություն տալ իր երկրի և Ռուսաստանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ խաղաղության ծրագրին։


«Մենք կարծում ենք, որ ունենք խաղաղության հասնելու միջոց։ Նա ստիպված կլինի այն հաստատել»,- ասել է Թրամփը։


Թրամփը հիշեցրել է, որ ասել է Զելենսկուն, թե նա «ձեռքի տակ քարտեր չունի»։ Թրամփը վստահություն է հայտնել, որ խաղաղությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մոտենում է»։


«Նա (Զելենսկին) պետք է այն (ԱՄՆ ծրագիրը) հավանի, իսկ եթե չհավանի, ապա, գիտեք, նրանք պետք է պարզապես շարունակեն մարտական գործողությունները, ես այդպես եմ ենթադրում»,- հավելել է նա։


Թրամփը չի բացառել, որ վաղ թե ուշ Ուկրաինայի նախագահը «ստիպված կլինի ինչ-որ բան ընդունել», քանի որ «ձմեռը ցուրտ կլինի»։ Reuters-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել զենքի և հետախուզական տվյալների մատակարարումը Կիևին, եթե հիմնական համաձայնագիրը չստորագրվի մինչև նոյեմբերի 27-ը։


Թրամփը նոյեմբերի 27-ը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայի կողմից խաղաղության ծրագրին համաձայնելու համար։