ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսքոլին (ով նոյեմբերի 19-ին այցով գտնվում էր Կիևում) նշանակել է իր նոր հատուկ բանագնաց, գրում է The Guardian-ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին։
Նոյեմբերի 19-ին Դրիսքոլը գտնվում էր Կիևում՝ որպես Պենտագոնի բարձրաստիճան պատվիրակության անդամ, որը հանդիպել է Զելենսկու և բարձրաստիճան զինվորական հրամանատարների հետ՝ ներկայացնելով ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը։
The Guardian-ի աղբյուրների համաձայն՝ ակնկալվում է, որ հաջորդ շաբաթվա վերջին Դրիսքոլը, գլխավորելով ամերիկյան պատվիրակությունը, կմեկնի Մոսկվա՝ ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը քննարկելու համար։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Դրիսքոլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կուրսընկերն է և նրանք համարվում են ընկերներ։
Նյութում նշվում է, որ ԱՄՆ նախագահը հավատարիմ է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «ժամկետներին» և մտադիր է, ըստ ամերիկացի պաշտոնյաների, «աննախադեպ ճնշում գործադրել Կիևի վրա»։
«Ուկրաինացիներին հստակ հասկացրել են, որ Միացյալ Նահանգներն իրենցից ակնկալում է համաձայնություն խաղաղության համաձայնագրի շուրջ։ Ցանկացած փոփոխության վերաբերյալ որոշումը կկայացնի անձամբ նախագահը»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։