Ժնևում կայացած հանդիպմանը ուկրաինական և ամերիկյան պատվիրակություններին հաջողվել է համաձայնեցնել ԱՄՆ խաղաղության ծրագրի կետերի մեծ մասը, իսկ վիճելի կետերի զգալի մասը փոփոխել, հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի
տեղեկություններով՝ վիճելի հարցերը վերաբերում են Ուկրաինայի զինված ուժերի
թվաքանակին, Զապորոժիեի ԱԷԿ-ի նկատմամբ վերահսկողությանը, ինչպես նաև գերիների և
բանտարկյալների փոխանակման ձևաչափին։ Տարածքների մասին կետերի, ինչպես նաև այն
մասին, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցումը նախատեսվի Սահմանադրությամբ, «ՌԲԿ-Ուկրաինա»-ի
տեղեկություններով, պատվիրակությունները համաձայնել են «վերցնել փակագծերի մեջ»։ Դրանք
պետք է քննարկվեն նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի մակարդակով։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի
աղբյուրների խոսքով՝ եթե Կիևն ու Վաշինգտոնը առաջիկայում համաձայնության գան
ծրագրի շուրջ, իսկ ԱՄՆ-ն եվրոպացի գործընկերների հետ հաստատի այն կետերը, որոնք
անմիջականորեն վերաբերում են իրենց, ապա ամերիկացի բանակցողները կգնան Ռուսաստանին
համոզելու «մտրակի ու բլիթի» ճանապարհով։
«ՌԲԿ-Ուկրաինա»-ի
աղբյուրներից մեկը նաև հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը՝ բանակի նախարար
Դանիել Դրիսկոլի գլխավորությամբ, սկզբում խաղաղության ծրագիրը Կիև է բերել
վերջնագրով. «Եթե մինչև նոյեմբերի 27-ը չաջակցեք այս ծրագրին, ապա հետագայում,
խնդրեմ, դուք եվրոպացիներով, մենք կդադարեցնենք ամեն ինչ՝ և՛ զենքի
մատակարարումները, և՛ հետախուզական տվյալները»։ Նա հավելել է, որ ամերիկացի
ներկայացուցիչների այցի առաջին օրը նրանց հռետորաբանությունը «շատ կոշտ էր», բայց
հետո «փոքր-ինչ մեղմացել է»։