ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ Չինաստան այցելելու հրավերը: Ամերիկացի առաջնորդը խոստացել է «ինչ-որ պահի» այցելել Պեկին: Նա հայտարարել է նաև Սի Ծինպինի՝ Վաշինգտոն այցելելու մտադրության մասին:
«Ի դեպ, նա ինձ հրավիրեց Չինաստան, ես էլ նրան հրավիրեցի այստեղ,- լրագրողներին ասել է Դոնալդ Թրամփը: -Մենք երկուսս էլ ընդունել ենք հրավերը»:
«Այսպիսով, ես ինչ-որ պահի այնտեղ կգնամ առաջին տիկնոջ հետ, և նա այստեղ կգա, հուսով եմ՝ Չինաստանի առաջին տիկնոջ հետ»,- պարզաբանել է ամերիկացի առաջնորդը:
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ծինպինը 90 րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել: Զրույցը նախաձեռնել է Սպիտակ տունը: Դոնալդ Թրամփը զրույցը անվանել է «շատ դրական» և հայտարարել, որ զրույցի հիմնական թեման առևտուրն է եղել: Սի Ծինպինը ԱՄՆ նախագահին կոչ է արել վերացնել Չինաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները: