ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Աբու Դաբիում. CBS News

ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, որտեղ հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչների հետ՝ խաղաղության համաձայնագիրը քննարկելու համար: Այս մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների և երկու դիվանագիտական ​​աղբյուրների:


Հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Դրիսկոլը ռուսական պատվիրակության հետ հանդիպել է նոյեմբերի 24-ի երեկոյան, բանակցությունների ևս մեկ փուլ նախատեսված է  նոյեմբերի 25-ին:


«Նրա [Դրիսկոլի] և ռուս ներկայացուցիչների միջև մեկ այլ հանդիպում է նախատեսված [նոյեմբերի 25-ի] օրվա ընթացքում՝ խաղաղության գործընթացը քննարկելու և խաղաղության բանակցությունները արագ առաջ մղելու համար»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:


Ռուսական պատվիրակության կազմը հայտնի չէ: Թե էլ ովքեր են ընդգրկվել ամերիկյան պատվիրակության կազմում՝ չի հստակեցվում:


CBS-ի տեղեկատվությունը հաստատում են Financial Times-ի աղբյուրները: FT-ի տվյալներով՝ Դրիսկոլը Աբու Դաբիում պետք է հանդիպի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովի հետ: Աբու Դաբիում Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի ներկայացուցիչների միջև եռակողմ հանդիպում տեղի ունեցե՞լ է արդյոք՝ հայտնի չէ: