Հայաստանի համար այսօր օրհասական է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրին՝ Հայկ Չոբանյանը նշել է, որ Հայաստանի համար այսօր օրհասական է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության հզորացումը՝ երկրի զարգացման ու անվտանգության ապահովման նպատակով, և այս առումով անգնահատելի է Չինաստանի հետ համագործակցությունը՝ որպես զարգացած արդյունաբերական երկիր։ Բարձր գնահատելով Չինաստանի նվաճումները  բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, ռազմարդյունաբերության ոլորտներում՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չինաստանի հետ բոլոր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմամբ: 

Առանձնակի կարևորելով կրթական բաղադրիչը՝ Չոբանյանն առաջարկել է դեսպանին դիտարկել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և չինաստանյան համալսարանների հետ համատեղ  կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական և  տնտեսական գոտիների  ներքին և արտաքին հեռահաղորդակցության ենթակառուցվածքների ստեղծման հնարավորությունները։ Նախարարի պաշտոնակատարը հրավիրել է դեսպանին և չինական ընկերություններին մասնակցելու «Դիջիթեք Էքսպո» ցուցահանդեսին։

Դեսպան Ֆան Յոնգը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար և նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-չինական համագործակցության կարևորության մասին խոսել է նաև ՀՀ վարչապետի և փոխվարչապետի հետ հանդիպումների ժամանակ։ Դեսպանը պատրաստակամություն է հայտնել կրթական հաստատություններից զատ նպաստելու նաև չինական ձեռնարկատիրական ընկերությունների հետ համագործակցության զարգացմանը։ 
 
Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության,  գյուղատնտեսություն, վերականգնվող էներգիայի և այլ ոլորտներում տեխնոլոգիաների կիրառությանն ուղղված համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորություններին։