ՏԿԵՆ պատվիրակությունը Վրաստանում ծանոթացել է Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինաշխատանքների ընթացքին

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի հետ այցելել են և ծանոթացել Վրաստանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկի՝ 23 կիլոմետրանոց Քվեշեթի-Կոբի մայրուղու և թունելների շինարարական աշխատանքների ընթացքին։


Ինչպես հայտնել է նախարարությունը, այս նախագծի շրջանակներում կառուցվում է երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, ինչպես նաև 5 կամուրջ և 5 թունել։

Նախագծի շրջանակներում կառուցվում է նաև բացառիկ կամարակապ կամուրջ, որը տարածաշրջանում ամենաբարձր կամուրջն է լինելու։ 


Այնուհետև Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի և Տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ այցելել և ծանոթացել են Ստեփանծմինդա-Գվելեթի հատվածի շինարարությանը։ Այս ճանապարհը Հյուսիս-հարավ միջանցքի մաս է կազմում:



Նախարարների, շինարարական կազմակերպությունների պատասխանատուների և հսկողություն իրականացնող թիմի գործընկերների հետ քննարկվել են ճանապարհների տեխնիկական մանրամասները, նախագծային լուծումները։