«Պուտինը պետք է շնորհավորի Թրամփին՝ որպես խաղաղության մարդու». Ուիթքոֆի գաղտնազերծված խորհուրդները Ուշակովին՝ ըստ Bloomberg-ի

Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Պուտինի օգնական Յուրի Ուշակովին հրահանգել է, թե ինչպես կարող է լավագույնս ներկայացնել Պուտինին Ուկրաինայի հարցով Թրամփի ծրագիրը՝ նրա աջակցությունն ապահովելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:


Հոկտեմբերի 14-ի զրույցի ձայնագրության համաձայն (տևողությունը՝ 5 րոպեից փոքր-ինչ ավելի)՝ Ուիթքոֆը Ուշակովին խորհուրդ է տվել, որ Պուտինը զանգահարի Թրամփին, շնորհավորի նրան Գազայի հատվածում խաղաղության համաձայնագրի կապակցությամբ, հայտարարի, որ ինքն աջակցում է Թրամփին՝ որպես «խաղաղության մարդու», և առաջարկի համանման խաղաղության ծրագիր Ուկրաինայի համար:


«Նա պետք է շնորհավորի Թրամփին Գազայում հրադադարի համաձայնագրի կապակցությամբ, ասի, որ Ռուսաստանը աջակցել է դրան, և որ ինքը հարգում է նախագահին՝ որպես խաղաղության մարդու։ Դրանից հետո նրանք իսկապես լավ զրույց կունենան»,- ասել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը։


Ուիթքոֆն առաջարկել է նաև կազմակերպել Թրամփի և Պուտինի միջև ուղիղ զանգ՝ Սպիտակ տուն Զելենսկու այցից առաջ, որը նախատեսված է նույն շաբաթ:


Ըստ այդ գաղտնազերծված ձայնագրության՝ Ուիթքոֆն ասել. «Քեզ բաց  կասեմ՝ ես գիտեմ, թե ինչ է պահանջվում խաղաղության համաձայնագրի հասնելու համար՝ Դոնեցկ և, հնարավոր է, որոշ տարածքների փոխանակում։ Բայց ես առաջարկում եմ՝ այդքան ուղիղ խոսելու փոխարեն ավելի հույսով լի խոսել, քանի որ կարծում եմ՝ կարող ենք գործարքի հասնել։


Նախագահը ինձ մեծ տարածք և գործողությունների ազատություն կտա այդ գործարքին ին հասնելու համար»։


Ըստ Bloomberg-ի՝ Ուշակովն արձագանքել է. «Լավ… Վատ չի հնչում»:

 

Սպիտակ տունը դեռևս չի հերքել հրապարակված ձայնագրության իսկությունը, իսկ Թրամփը Ուիթքոֆի մոտեցումն անվանել է «ստանդարտ բանակցային ընթացակարգ»: