«Իմ քայլը» հիմնադրամի «Ստեղծենք միասին» նախագծի նպատակն է ձեռք մեկնել երիտասարդ ընտանիքներին

«Իմ քայլը» հիմնադրամում այսօր հերթական հաջողության հասած ծրագրերից մեկի՝ «Ստեղծենք միասին» նախագծի ավարտական փուլն էր ամփոփվում։ Նախագիծն ուղղված է նորաստեղծ ընտանիքներին, զույգերը պետք է լինեն  հինգ տարվա ամուսնացած, ունենան մինչև 3 տարեկան մեկ զավակ, դեռևս զավակ չունեցող ընտանիքները նույնպես կարող են մասնակցել։ Ծրագրին մասնակցելու համար նրանք նաև պետք է ունենան բիզնես գաղափարներ կամ արդեն գործող բիզնես, որն ուզում են ընդլայնել, զարգացնել։


«Այս նախագծի համար ունեինք 78 դիմորդներ, իսկ բոլոր փուլերը հաղթահարեցին 29 ընտանիքներ։ Նրանք մասնակցեցին բիզնես կառավարման և պլանավորման դասընթացներին և այսօր արդեն ունեն մշակված իրենց ծրագրերը ու ներկայացնում են հատուկ ձևավորված հանձնաժողովին։ Լավագույն և իրատեսական ծրագրերը կստանան դրամաշնորհներ»,- ասաց Թալին Թօփալաքեանը։


Վերջինս նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամի՝ «Հաջողակից սկսնակին» ծրագրի նպատակն է ոչ միայն նպաստել ՀՀ-ում փոքր ձեռնարկատիրության զարգացմանը, այլև ստեղծել բարեգործության նոր մշակույթ և այն դարձնել ավանդույթ։ Նրա խոսքով՝ հիմնադրամը կամուրջ է հանդիսանում տարբեր ոլորտներում հաջողության հասած անձանց և սկսնակ ձեռներեցների միջև, որոնք իրենց առաջին քայլերն են անում դեպի բիզնեսի աշխարհ։


Ծրագիրն իրականացնում են տարվա մեջ 2 անգամ։ Առաջին փուլային նախագիծն իրականացվեց անցյալ տարի գարնանը՝ հաջողակ կին գործարարներից սկսնակ կին գործարարներին, որի արդյունքում ունեն 42 կանանց գործող բիզնեսներ՝ ՀՀ ողջ տարածքում, հաջորդ փուլն էլ  «Երիտասարդի երազանք» նախագիծն էր, որի արդյունքում ունեն 58 գործող տղամարդկանց բիզնեսներ։


Թալին Թօփալաքեանի խոսքով՝ իրենք զուգահեռ արդեն ամփոփում են «Միմյանցից ոգեշնչված» փուլային նախագծի  4-րդ փուլի արդյունքները, ունեն 529 սկսնակ կին ձեռներեցներ, որոնք դիմել են «Միմյանցից ոգեշնչված» նախագծին և սրտատրոփ սպասում են հայտերի ամփոփմանը և բոլոր փուլերի հաղթահարմանը, որպեսզի իրականացնեն իրենց երազանքները։


«Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է բարեգործական միջոցառմամբ կամ բարեգործական ընթրիքով, որի մասնակիցներն են հասարակական, կրթական կամ մշակութային ոլորտում ակտիվ ներկայացուցիչները, պարզապես կայացած անձինք, որոնք մասնակցում են ընթրիքին, և այդ ընթրիքի ողջ հասույթն ուղղվում է սկսնակ ձեռներեցներին։ Բարեգործական այդ մշակույթը և մտածելակերպը հիմնադրամը համառորեն փորձում է տարածել մեր հասարակության մեջ, որպեսզի հաջողակ անձինք պարտավորություն զգան իրենց սկսնակ հայրենակիցներին օգնելու և ձեռք մեկնելու, բայց միշտ այդ ողջ հասույթը չի բավարարում մեր մեծ թվով դիմողներին, դրա համար հիմնադրամն իր միջոցներից ավելացնում է դրամաշնորհի գումարին՝ նայած ներկայացված բիզնեսին ու կարիքներին»,- հավելեց Թալին Թօփալաքեանը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան