Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին դեռևս մեկ տարի
առաջ հրավիրել էր հրապարակային բանավեճի՝ Ղարաբաղի հարցի կարգավորման հարցի շուրջ նախկին
նախագահների՝ Փաշինյանի «ստվերի» հետ պարբերական բանավեճը առաջարկելով տեղափոխել դեմ
առ դեմ ձևաչափի։ Ի պատասխան՝ տարբեր պատճառաբանություններից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը
կարծես գտավ քիչ թե շատ հիմնավոր պատճառ՝ բանավեճի հրավերը մերժելու համար նշելով՝
հրապարակի 2019 թվականի առաջարկները և այդպիսով բոլորին պարզ կդառնա, որ մենք ճիշտ
ենք։
Ի վերջո Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ԼՂ բանակցային գործընթացի
մասին Կառավարությունում առկա բոլոր փաստաթղթերը՝ այդ թվում 2019-ի առաջարկը, որն իրականում
2016 թվականին արված առաջարկի մոդիֆիկացված տարբերակն էր․ անգամ վերնագրից էր դա ակնհայտ,
որովհետև վերնագրի դաշտում, անգամ, նշված էր, որ այն ուղղված է երկու երկրների՝ հայաստանի
և Ադրբեջանի նախագահներին։ Իսկ Հայաստանի կողմից բանակցողը 2018-ից արդեն նախագահը
չէր։
Ինչպես և նշում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ որևէ գաղտնիք կամ
նորություն այդ առաջարկը, ըստ էության, չէր պարունակում։
Բայց փորձենք մի փոքր անդրադառնալ թեմային։
Բանակցային վերջին փաստաթուղթը, որին հայկական կողմը առհասարակ
պատասխան է տվել (դրական պատասխան) Կազանյան փաստաթուղթն է եղել։ Այս մասին Սերժ Սարգսյանն
է բացահայտել իր՝ 2020 թվականից հետո տված հարցազրույցներից մեկում, բառացի նշելով
հետևյալը․ «Կազանից հետո մենք որևէ փաստաթղթի համաձայնություն չենք տվել և կարծիք էլ
չենք հայտնել։ Մենք ասել ենք հետևյալը՝ քանի որ ձեր կողմից հավանության արժանացրած
կազանյան փաստաթուղթը մենք պատրաստ էինք ստորագրելու, ապա, եթե ինչ-որ փոփոխություններ
ունեք, խնդրում ենք, համաձայնեցրեք Ադրբեջանի հետ, եթե ադրբեջանցիները համաձայն են
ձեր որոշակի փոփոխություններով այդ առաջարկությունները ընդունել որպես հիմք՝ մենք այդ
ժամանակ կպատասխանենք։ Բայց ամեն անգամ Ադրբեջանը հրաժարվել է այդ առաջարկություններն
ընդունել որպես հիմք»։
Այս հարցազրույցի ընդամենը այս փոքրիկ հատվածը մի քանի հարցի պատասխան է տալիս։
Նախ այն մեղադրանքը, որ հիմա էլ փաստաթղթի հրապարակումից հետո
հիմնականում ՀԱԿ ներկայացուցիչներն են հնչեցնում՝ թե ինչու՞ հայկական կողմը չի պատասխանել
կամ չի հրապարակում թե ինչ է պատասխանել։ Պարզվում է՝ 2011-ից հետո հայական կողմը որևէ
առաջարկի չի պատասխանել։ Ավելին՝ նշել է, որ ըստ էության համաձայն է առաջարկներին։
Համանախագահները պետք է դրանք նախ համաձայնեցնեն Ադրբեջանի հետ, հետո հայական կողմը
իր դիրքորոշումը կհայտնի։ Քանի որ Կազանյան փաստաթուղթը ստորագրելուց հրաժարվել է Ադրբեջանը։
Երկորդը՝ նախկին նախագահները իրենց թիմերով բարձրաձայն գոռգոռում
են, թե Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել այս «փառահեղ ու հայանպաստ» տարբերակին և բերել
է «պատերազմ, Ղարաբաղի կորուստ, պարտություն»։
Իսկ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ 2011-ից հետո Հայաստանը
որևէ փաստաթղթի չի պատասխանել՝ այդ թվում 2016-ի առաջարկները (2016-ին երեք առաջարկ
է արվել՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո)։ իսկ 2019-ի առաջարկը համարյա նույն առաջարկն
է ինչ 2016-ինը, որին ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանությունը չի պատասխանել, այլ մի
քանի կետանոց լուրջ մտ հոգություններ է ունեցել ու ներկայացրել՝ այդ մասին նամակ հղելով
Վլադիմիր Պուտինին։ Այսինքն՝ ակնհայտ է, որ 2019-ի առաջարկներին պատասխանել-չպատասխանելը
չէ, որ բերել է պատերազմ ու պարտություն։
Եվ ի վերջո՝ Ադրբեջանը համաձայնե՞լ է այդ առաջարկին։ Ակնհայտորեն
ոչ։ Նախ տրամաբանորեն՝ ինչու՞ պետք է Ալիևը դրան համաձայներ, երբ իր նկրտումները եղել
են ամբողջովին հետ ստանալ թե՛ 7 շրջանները, թե՛ բուն ԼՂԻՄ-ը։ Իսկ Հայաստանի համար անընդունելի
է եղել ԼՂԻՄ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Չնայած անգամ այսօրինակ կարգավիճակ
ստանալուն Ադրբեջանը դեմ էր լինելու։ Բացի դա՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի այդ հատվածից
ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը չի համաձայնել 2016 թվականի և 2019-ի թվականի առաջարկներին։
Բացի վերը նշվածը հարց է ծագում՝ եթե 2019-ի առաջարկներն այդքան
լավն էին, ապա ինչու՞ հայկական ոկղմը դրանք չի ընդունել 2016-ին։ Ինչու՞էր Հանրապետականն
ու Սերժ Սարգսյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո հայտարարում, թե «Նիկոլը եկել
է հողերը հանձնելու»։ Գուցե որովհետև այդ առաջարկներին համաձայնել նշանակում էր ոչ
թե փոխզիջում, այլ՝ «հողերը տա՞լ»։ Ինչու՞ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլին
ԱԺ ամբիոնին վարչապետի կարգավիճակում հայտարաում, թե բանակցային պրոցեսը կանգնած է,
լավատեսություն չի ներշնչում, պետք է հույս չունենանք, որ Ադրբեջանը հետ կկանգնի հարցը
ուժով լուծելու նկրտումներից։
Նաև երկու տողով հասկանանք, թե արդյո՞ք 2016-ի և 2019-ի առաջարկները
հայանպաստ էին, լավ լուծումներ էին, որոնցից հայկական կողմը հրաժարվել է (մտքում իհարկե
պահելով, որ Ադրբեջանը ի’նքը չէր համաձայնել/համաձայնելու այս առաջարկներին)։
Եվ այսպես՝ 2011 թվականի կազանյան փաստաթղթում հստակ նշված էր
ԼՂ կարգավիճակի հարցը։ Նշվում էր, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը որոշվելու
է ԼՂ բնակչության համաժողովրդական քվեարկության միջոցով, այն ունենալու է իրավական
պարտադիր կարգավիճակ։ Ապա՝ հստակ ձևակերպվում էր, թե ինչ է նկատի առնվում ԼՂ բնակչություն
ասելով։ Իսկ նկատի էր առնվում 1988 թվականին գոյություն ունեցած ազգությունների էթնիկ
համամասնությունը։ Այսինքն՝ մինչև հակամարտության մեկնարկը եղած համամասնությամբ։ Այս
հստակեցումը որևէ տարընթերցումների տեղ չէր թողնում, թե ովքեր պետք է մասնալցեն հանրաքվեին։
իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը այս հարցը այլ կերպ է մեկնաբանել միշտ՝ նշելով, որ իր
սահմանադրությամբ հանրքավեին պետք է մասնացի Ադրբեջանի ողջ բնակչությունը։ Հետագա փաստաթղթերում, սակայն, այդ թվում 2016-ի
և 2019-ի առաջարկներում այդ հստակեցումը արդեն գոյություն չունի։ Սրանով տեղ է թողնվում
Ադրբեջանի մեկնաբանությունների համար։
2011-ի կազանյան փաստաթղթում հստակ ձևակերպված էր նաև Լեռնային
ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի հարցը։ Նշված է, որ ԼՂ-ն իրավունք ունի նորմալ կենսագործունեության
համար ձևավորել իշխանություններ՝ օրենսդիր, գործադիր, դատական, ունենալ սեփական ինքնապաշտպանական
ուժեր, իրավապահ ուժեր, ստանալ միջազգային աջակցություն, եթե այն խաղաղ նպատակների
համար է, առկա է նշում ԼՂ ներկայացուցիչների մասնակցությանը ԵԱՀԿ նիստերին, որտեղ քննվում
են ԼՂ հարցի հետ կապված հարցեր և այլն։ իսկ 2016-ի և 2019-ի առաջարկներում, արդեն,
անգամ «միջանկյալ կարգավիճակ» եզրույթը չի նշվում։
Այս և այլ մտահոգությունների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
ուղղված նամակում խոսել է նաև Սերժ Սարգսյանը։
Մասնավորապես՝ 2016 թվականի օգոստոսին Պուտինին ուղղված
նամակում Սերժ Սարգսյանը նկատում է․ «Ներկայացված գաղափարներում, ի պատասխան հայկական կողմի լուրջ
մտահոգությունների, Ադրբեջանի կողմից որևէ պատասխան քայլ չի ակնկալվում։ Մեզ համար
դա նշանակում էր «անվտանգության գոտիների» զգալի նվազում և հակամարտության գոտում
շփման գծի նշանակալի կարճացում, որը հիմնված էր զորքերի ամրացված գծի վրա։ Սա
հանգեցրեց ռազմական հավասարակշռության խախտմանը, որն ապահովված էր հակառակորդի
զինված ուժերից առավելությամբ․․․
Ըստ էության, Ադրբեջանը չի ստանձնում հստակ պարտավորություններ Լեռնային
Ղարաբաղի ապագա հանրաքվեի և ԼՂՀ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ։
Համոզված եմ, որ ստանալով 5 շրջանները, Ադրբեջանը կդառնա էլ ավելի կործանարար։
Ակնհայտ է, որ Բաքուն հույս ունի, ստանալով այդ շրջանները, ուժեղացնել ռազմական և
դիվանագիտական ճնշումը Հայաստանի վրա, որպեսզի վերադարձնի Քելբաջարի և Լաչինի
շրջանները, ինչպես նաև այլ տարածքներ, նպատակ ունենալով հրաժարվել Լեռնային
Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի մասին իր ներքին օրենսդրությանը և
սկզբունքային պայմանավորվածություններին հղումներից։
Գործնականում Ալիևը պահանջում է լուծել իր
խնդիրները միայն անորոշ տարբերակով, և բացարձակապես անորոշ ու չհստակեցված հանրաքվեի
միջոցով։ Այս հանրաքվեի անիրատեսական հեռանկարները, որոնք ենթարկվել են բազմակի փոփոխությունների
2009 թվականի մայիսից ի վեր, հաստատում են նրա սկզբունքային անհամաձայնությունը Լեռնային
Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և միջանկյալ կարգավիճակի հարցում։ Թեև այդ որոշակիությունը
կտրուկ սահմանափակում է Ադրբեջանի ձգտումը՝ Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանակները
սահմանափակելու ադրբեջանական պետականության շրջանակներում։ Փոքր-ինչ ուշադրությամբ,
նա անընդհատ ներկայացնում է մշտական հղումներ Ադրբեջանի Սահմանադրությանը, որպես հանրաքվեի
անցկացման ճանապարհի խոչընդոտ Լեռնային Ղարաբաղում, որպես Ադրբեջանի ներքին խնդիր»։
Սերժ Սարգսյանը բարձրաձայնում է այն նույն
խնդիրները, ինչ վերևում մատնանշեցինք՝ կապված Կազանյան փաստաթղթի և հետագա փաստաթղթերի
տարբերությունների հետ։ Նկատենք նաև, որ 2019-ի առաջարկներում այս մտահոգությունները
չեն փարատվել։ Հետևաբար՝ այս տարբերակն ընդունելու դեպքում կարող էր և տեղի կունենար
այն, ինչ իր նամակում նկարագրել է Սերժ Սարգսյանը։ Այս ամենը լավ իմանալով էր, որ ՀՀԿ-ն
ու Սերժ Սարգսյանը հեղափոխությունից հետո շրջանառության մեջ էին դրել «Նիկոլը եկել
է հողերը տալու» թեզը։ Որովհետև գիտեին, որ այդպիսի ժառանգություն են թողել։ Կա՛մ Նիկոլ
Փաշինյանը համաձայնելու էր այս առաջարկին ու «հողերը տար»՝ ոչնչի դիմաց՝ նոր ռիսկերով,
կա՛մ «բանակցությունները փակուղում են, լավատեսություն չեն ներշնչում, Ալիևը չի հրաժարվել
ուխտադրուժ կերպով ԼՂ հարցը պատերազմով լուծելու մտքից» ու լինելու էր պատերազմ։
Նկատենք նաև, որ Սերժ Սարգսյանի թիմը
2018-ից գրեթե ամենօրյա ռեժիմով ճամարտակում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների
մասին, որը, իբր, Փաշինյանը «ջրել է» Դուշամբեի լիֆտում։ Իրականում, պարզվում է, Սերժ
Սարգսյանը դեռևս 2018 թվականի օգոստոսին Պուտինին դժգոհում էր, թե Ալիևը այլ կերպ է մեկնաբանում ձեռք բերված այդ պայմանավորվածություններն
ու հրաժարվում դրանք կյանքի կոչել։
Զավեշտեալի է, որ նամակի հրապարակումից հետո
անգամ, Հայկ մամիջանյանը ԱԺ ճեպազրույցների ժամանակ կրկին խոսում է Վիեննայի ու Սանկտ
Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, որը, իբր, Փաշինյանը Դուշամբեում տապալել
է։
Ի դեպ՝ Հանրապետականի «Պատիվ ունեմ» խորհրդարանական
խմբակցությունը չմասնակցեց նաև ԱԺ-ում Կառավարության հետ վերջին հարցուպատասխանին ու
խուսափեց փաստաթղթերի հրապարակումից հետո Նիկոլ Փաշինյանին ուղիղ հարցեր տալուց։ Հարց
է առաջանում՝ եթե 2019-ի առաջարկն այդքան լավն ու ընդունելի էր ինչու՞ չեկաք ու Փաշինյանին
ձեր հարցերով «նեղը չգցեցիք», այլ նախընտրեցիք ստեղնաշարի առաջ նստել, էկրանից այն
կողմ ճոռոմաբանել։
Վոլոդյա Հակոբյան