Պետական պարտքն անհատի պարտք չէ. այն, ինչ փորձում են անել իրենցձևովականները, մոլորեցնելու փորձ է. Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Մեր ձևով» շարժման հրապարակած տեսանյութին, որում 2 ամսական երեխային է վերագրվում ՀՀ պետական պարտքը:


«Ձախ կողմում Նարեն է․ նա 2 ամսական է և, իհարկե, չի գիտակցում, որ իրեն «վերագրում» են 1 մլն 655 հազար 516 դրամ պետական պարտք։


Աջ կողմում Նարեկն է․ նա էլ չգիտի, որ նույն հաշվարկով Նարեն ունի 3 մլն 360 հազար 060 դրամ ՀՆԱ՝ գրեթե երկու անգամ ավելի շատ, քան «պարտքն» է։


Բայց մենք դա չենք մանիպուլյացնում։


Ի տարբերություն նրանց՝ մենք չենք ընկնում այս պարզունակ թվաբանական խաղերի մեջ։ Պետական պարտքն անհատի պարտք չէ, ինչպես որ ՀՆԱ-ն նրա «սեփականությունը» չէ։ Այն, ինչ հիմա փորձում են անել իրենցձևովականները, պարզապես ժողովրդին մոլորեցնելու հերթական փորձն է։


Պարտքն աշխարհում համադրում են ՀՆԱ-ի հետ, բայց Սամվելի վկաները դա չեն անում, ինչո՞ւ, որովհետև դա իրենց ձեռնտու չէ, քանի որ այդ հարաբերակցությունը Հայաստանում 50 տոկոսից էլ քիչ է՝ ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, որտեղ այն կա՛մ մոտ է, կա՛մ էականորեն գերազանցում է ՀՆԱ-ն։


Մի պարզ հաշվարկ, հարգելի՛ հայրենակիցներ, պատկերացրեք՝ պետությունը անհատ է, որը, օրինակ, կարիք ունի 2 մլն դրամ վարկ վերցնելու և իր բնակարանը կոսմետիկ նորոգելու։ Այդ անհատի տարեկան եկամուտը 5 մլն դրամ է, և նա գիտի, որ կկարողանա փակել իր պարտքը ու միևնույն ժամանակ վերանորոգված տան մեջ ապրել։ Նույնը պետության դեպքում է։


Հայաստանը պարտքի վճարման խնդիր չունի, և դրա արդյունքները տեսանելի են Հայաստանի բոլոր մարզերում՝ դպրոցից մինչև մանկապարտեզ և ճանապարհ։ Եթե պետք լինի սա 100 անգամ էլ կասենք, որպեսզի Նարեկը վերջապես հասկանա, բայց փորձը ցույց է տալիս, որ նա չի ուղղվում և չի կարողանում բովանդակություն առաջարկել։


Եթե Նարեկը դեմ է պետական պարտքին, ապա ստացվում է՝ նա դեմ է նաև ճանապարհներ, մանկապարտեզներ և դպրոցներ կառուցելուն։ Այսինքն՝ դեմ է պետության զարգացմանը։


Ու ստացվում է, որ իրականում Սամվելը և Նարեկը մտածում են ոչ թե ժողովրդի մասին, այլ հենց ժողովրդին մանիպուլյացնելու»,- գրել է Մանավազյանը: