Նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների քվեարկությունից մեկ օր առաջ հիշյալ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը խախտել էր ընտրական օրենսդրությամբ սահմանված «լռության օրվա» արգելքը և իր էջում չէր ապաակտիվացրել ֆեյսբուքյան գովազդը։ Civic.am-ը հարցում էր ուղարկել ԿԸՀ՝ խնդրելով հայտնել՝ արդյոք Հանձնաժողովը համապատասխան վարույթ հարուցե՞լ է սույն խախտման վերաբերյալ և ինչ է եզրակացրել։ ԿԸՀ-ից մեզ պատասխանել են, որ մեր դիմումով ներկայացված խախտման հանգամանքները հայտնի են դարձել 2025 թվականի նոյեմբերի 15-ի առավոտյան, և ԿԸՀ-ն, հիմք ընդունելով ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածը, գնահատել է ներկայացված հանգամանքները որպես օպերատիվ լուծում պահանջող հարց, ձեռնարկել է անհապաղ համապատասխան միջոցներ՝ խախտումը կանխելու համար։
ԿԸՀ-ից տվյալներ էինք խնդրել նաև այն մասին, թե որքան
գումար է ծախսել «Հաղթանակ» դաշինքը սոցիալական կայքերում նախընտրական գովազդ զետեղելու
նպատակով։
Ի պատասխան Հանձնաժողովը հայտնել է՝ հիշյալ դաշինքի կողմից
ներկայացված հայտարարագրերով սոցիալական կայքերում նախընտրական գովազդի նպատակով ծախսվել
է 3 մլն 204 հազար 86 (երեք միլիոն երկու հարյուր չորս հազար ութսունվեց) ՀՀ դրամ։
Մենք ուսումնասիրեցինք «Հաղթանակ»-ի նախընտրական հիմնադրամներում
եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը, ու պարզվեց, որ սույն դաշինքը քաղաքական գովազդ է զետեղել նաև TV5-ում (1 րոպեն՝
25 հազար դրամ) և այդ նպատակով երկու պայմանագիր է ստորագրել, որոնցից մեկով ծախսել
է 666 հազար 667.00 դրամ, մյուսով՝ 1 մլն 434 հազար 167 դրամ։
Նշենք, որ «Հաղթանակ»-ը ընտրություններում
ստացել է 10 հազար 51 քվե, իսկ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝
15 հազար 298 քվե։ ՔՊ-ն ստացել է 19 մանդատ,
«Հաղթանակ»-ը՝ 12 մանդատ։
Հ. Մ.