Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ

«Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ Ռուսաստանում որոշակի խմորումներ են տեղի ունենում Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հնարավոր հրաժարականին ընդառաջ։


Ըստ տելեգրամյան ալիքին հասած տեղեկությունների՝ ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ կանխատեսում են, որ նա շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում և ստիպված կլինի կա՛մ հրաժարական տալ, կա՛մ լքել երկիրը։ Նշվում է, որ այս սցենարի դեպքում հաշվարկված է, որ նրան առաջարկվի չհրաժարվել կաթողիկոսական գահից, այլ կաթողիկոսի կարգավիճակում տեղափոխվել Ռուսաստան և այնտեղից հեռակա կառավարել։


Տելեգրամյան ալիքը գրում է՝ նույնիսկ պատրաստվում է սցենար, ըստ որի՝ Ռուսաստանում կմիավորվեն մի կողմից Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, իսկ մյուս կողմից՝ Հարավային Ռուսաստանի հայոց թեմերը, և կստեղծվի, այսպես ասված, «վտարանդի» կաթողիկոսական աթոռ, ինչպես, օրինակ, Անթիլիասի աթոռն է։


Այսպիսով հնարավորություն կստեղծվի ևս մեկ հարված հասցնել դրսից ու պառակտել Հայ առաքելական եկեղեցին։


«Այս թեման քննարկելու համար օրեր առաջ Ներսիսյանի եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով էր հրավիրել։ Մեր տեղեկություններով՝ Ժողովի ընթացքում ներկայացվել է վերոնշյալ սցենարը՝ հոգևորականներից կարծիք լսելու և տրամադրություններ շոշափելու համար։ Հոգևորականների մեծ մասը տարակուսանք է հայտնել, որ այդ քայլը պառակտիչ կլինի Հայ առաքելական եկեղեցու համար, որից երկար ժամանակ եկեղեցին չի կարողանա ապաքինվել։ Այդուհանդերձ Եզրասը պնդել է, որ տվյալ սցենարն է հիմնական այլընտրանքը, և այն ինչ֊որ իմաստով նույնիսկ պարտադրված է»,- ասվում է հրապարակման մեջ: