ԱԽ քարտուղարը ՄԹ վարչապետի խորհրդականի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացումը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից:


 

Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը և վերահաստատել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ջոնաթան Փաուելն անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները:


 

Բրիտանական կողմը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ: ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը:


 

Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։