Ի՞նչ սկզբունքով է Կտրիճ Ներսիսյանը նշանակել ԳՀԽ անդամներին՝ հավատարմությա՞ն, թե՞ կոմպրոմատների

10 եպիսկոպոսները, որոնք սեղմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքն ու միացել վեհարանը Կտրիճ Ներսիսյանից ազատագրելու գործին, արժանացան վերջինիս գործադրած պատժի ինստիտուտին՝ հեռացվելով Գերագույն հոգևոր խորհրդի կազմից։  Հեռացվածներն են՝ Վայոց ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ  տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։  Նրանց փոխարինելու են Սյունիքի թեմի առաջնորդ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։


Ովքե՞ր են Կտրիճ Ներսիսյանի նշանակած՝  ԳՀԽ նոր անդամները


Մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԳՀԽ կազմը համալրած վերոհիշյալ հոգևորականների վերաբերյալ։ Մասնավորապես Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոսը, նշենք, ըստ նրա կենսագրականի՝ ժամանակին եղել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի տեղապահը՝ 2013-2015 թթ., 2022-ից Վիրահայոց թեմի առաջնորդն է։ Նա, ի դեպ, այն հոգևորականներից է, որը 2024-ին ողջունել էր իր հոգևոր եղբայր, այժմ կալանքի տակ գտնվող Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած շարժումը՝ «Տավուշը հանուն հայրենիքի»,  և, փաստորեն, կողմ էր ՀՀ-ում իշխանափոխությանն ու Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Այս տարվա օգոստոսին էլ սույն հոգևորականը, մի կողմ թողնելով իր ղեկավարած թեմի ու համայնքի բազում խնդիրները, Գարեգին Բ-ի աչքը մտնելու ու իր հավատարմությունը ևս մեկ անգամ հայտնելու մղումով, գուցե, մի հուզաթաթախ հայտարարություն էր տարածել, որում առարկում էր, թե ինչպես կարելի է ավազանի անունով դիմել եպիսկոպոսապետին։ «ՀՀ իշխանավորները սոցցանցերի ստոր ու ցինիկ պրոպագանդիստներ են դարձել և սա ապացուցում են ամեն օր  իրենց հրապարակային  գրառումներում»,- գրել էր Կտրիճ Ներսիսյանի եղբոր երբեմնի տեղապահն ու հավելել՝ «այսօրվա չարամիտ իշխանավորներն ազգընտիր և օծյալ կաթողիկոսի մասին խոսելիս գրում են Կտրիճ անունը: Նման անուն-ազգանունով քաղաքացի, ում իրենք դիմում են ոչ կոռեկտ խոսույթով, ՀՀ-ում չկա»: Ի դեպ, իր խոսույթում սույն հոգևորականը ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված իշխանությունների մասին արտահայտվելիս զերծ չէր մնացել գործածել «տգետ», «չար», իշխանությունների գործողություններն ու գործերն անվանել «սադրանք»,  «չարամիտ»։ Հարց է ծագում՝ այն երկրում, որտեղ հոգևոր ծառայություն է իրականացնում սույն եպիսկոպոսը, ինչպե՞ս կարձագանքեր իշխանությունը, եթե  եկեղեցու հոգևոր առաջնորդը դուրս գար իշխանության դեմ, իր թեմերից մեկի առաջնորդի միջոցով հանրահավաքներ կազմակերպեր ու պահանջեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության հեռացումը՝ այն անվանելով «չարիքի իշխանություն», կառավարության ղեկավարին էլ՝ «նեռ»։ 


Ինչևէ։ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, ըստ մեզ հասած տեղեկությունների, ներկա չի գտնվել օրերս կայացած ԳՀԽ նիստին, քանի որ նրա ենթակայությամբ ծառայող երկու քահանաները (անունները չենք նշում) մտել են նրա մոտ ու շանտաժ արել, թե եթե գնա ու մասնակցի հիշյալ միջոցառմանը, ապա իրենք էլ կմիանան 10 եպիսկոպոսների նախաձեռնությամբ Մայր Աթոռում տեղի ունեցած՝ Գարգին Բ-ին «հանգստի կոչելու» հավաքին։ «Նա էլ իր օղու շշերը վերցրել ու փակվել է Թբիլիսիի իր տանը։ Նաև իր քահանաներին խնդրել է այնպես անել, որ իրեն վարկաբեկող նյութերը՝ կապված իր հարբեցող լինելու ու Եզրասի հետ խիստ մտերիմ կապեր ունենալու մասին, հանկարծ չհրապարակվեն»։ Նկատենք, սակայն, որ համացանցում շրջանառվում է մի
լուսանկար, որում վերջինս ոչ սթափ վիճակում է ու կիսամերկ՝ դռանը հենված։


Ի դեպ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Կիրակոս եպիսկոպոսի «հայրենանպաստ»  վարքագծին։ Նա նշել է, որ նախորդ տարի  Ախալցխայում մասնակցել են Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի հանդիպմանը, որի շրջանակներում այցելել  են նաև  Ախալքալաքի Սուրբ Խաչ հայկական եկեղեցի և հայտնվել «ամոթալի իրավիճակում»։  «Քանի որ վիրահայոց թեմի առաջնորդը ոչ միայն չէր եկել մեզ դիմավորելու, այլ նաև մյուս հոգևորականներին էր հրահանգել այնտեղ չլինել: Եկեղեցին դատարկ թողել, գնացել էին: Այսինքն՝ որոշել էին քաղաքական ակցիա անել մեր դեմ»,- պատմել է  ՌՌուբինյանը։


Ինչ վերաբերում է ԳՀԽ անդամ նշանակված, Իրաքում ծնված Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին, ապա, նա ըստ մեզ հասած տեղեկությունների, մուլտիմիլիոնատեր, Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բարերար, հանգուցյալ Հրայր Հովնանյանի ազգականն է։ «Եպիսկոպոս է դարձել իր հարուստ ազգականի փողերով»,- նշեց մեր աղբյուրն ու հավելեց՝ «փող սիրող, սուտ խոսել սիրող, սիմոնական  մեղքով պարուրված մարդ է»։  Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, նշենք, եղել է Ֆրանսիայի թեմի առաջնորդը՝ 2014-2022 թթ., 2023 թ. ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն, 2025թ.-ից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրենն է:

 

Ի դեպ, Մայր Աթոռից մեզ հասած տեղեկություններով՝ նա եկեղեցականների հետ նեղանձնական  շփման ժամանակ ակնարկել է, որ գործակցում է ԿԳԲ-ի հետ, եկեղեցականների վերաբերյալ  համապատասխան «ֆայլերն» էլ պահում է համապատասխան «պադվալում»։ Տեղեկություն կա, թե հիշյալ ձայնագրությունը, որում Վահան եպիսկոպոսը բացասական համատեքստում խոսում է նաև  կաթողիկոսի մասին, արվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանի ցուցումով և ուղարկվել Գարեգին Բ-ին։ 


Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանն էլ (եպիսկոպոս է ձեռնադրվել 2024-ին), որը թեմն առաջնորդում է 2011-ից, ըստ մեզ հասած լուրերի, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հովանավորյալներից է, ավելին ասենք՝  Միքայել Մինասյանի և Մակար Հակոբյանի միջև կա քավոր-սանիկության սրբազան կապ։ Մայր Աթոռի և Սյունյաց թեմի մեր քաջատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ աստվածաբանությունից կիլոմետրերով հեռու Մակար Հակոբյանի եպիսկոպոսական ձեռնադրության պատճառը եղել է հենց այս կապը։ Այսօր նրա ծառայությունը սահմանափակվում է վարչական ձևականությամբ։ Ասում են՝ Կտրիճ Ներսիսյանը իր ձեռնասուն եպիսկոպոսի հոգևոր սխրանքների մասին իրեղեն ապացույց ունի։ «Քեչիկ» մականունով թեմի առաջնորդը, ըստ լուրերի,  եպիսկոպոսացրել է նաև իր հորեղբորորդուն՝ Գուգարքի թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին՝ մականունը՝ «Վնաս»։ Եղել է վեհարանի պարետը, Կաթողիկոսի գավազանակիրը՝ համատեղելով  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողապետի պաշտոնի հետ։ Հակոբյան եղբայրները, ըստ մեր աղբյուրների,  հայտնվել են եկեղեցու բարձրագույն պաշտոններում ոչ թե աստվածաբանական գիտելիքների, քարոզչական ջիղի շնորհիվ, այլ նախկին իշխանության վերին օղակների օժանդակությամբ և ստվերային գործարքների միջոցով։ 


Հ.Գ. Տեղեկություն կա, որ Վիրահայոց թեմի առաջնորդը դիտարկվում է որպես Մայր Աթոռի դիվանատան նոր ղեկավար՝ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրջ սկանդալից, նրան կալանավորելուց հետո հավատարիմ մարդ է պետք։ Եվ այս մարդը Եզրաս արքեպիսկոպոսի նախկին տեղապահն է։ 

Հ. Մ.