ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է ՊԵԿ-ի աշխատանքից «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ ըստ նրա գործունեության մեծ դաշտ է բացվելու։
«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ վարչապետի, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։
Ամփոփելով իր ելույթը վարչապետն ընդգծել է․
«Շատ կարևոր եմ համարում հայեցակարգի բովանդակային հատվածը, որովհետև մենք ավելի ու ավելի շատ պետք է կարևորություն տանք հայեցակարգերին։ Որևէ բան կարող է որակյալ տեղի ունենալ, եթե իր հիմքում ինչ-որ տեքստ, բովանդակություն է դրված, որն ուղենիշ է ծառայում բոլորի համար, և այդ տեքստը հրապարակային է, և բոլորը գիտեն ինչ է արվում, ինչի համար, որն է նպատակը, պատճառահետևանքային կապերը։ Եվ այդ առումով կարևոր եմ համարում, որ մենք հասել ենք այս կետին, որ գրեթե ամեն օր այս թեմաներով խոսում ենք։ Պետք է ի վերջո գիտակցվի, որ Հայաստանի Հանրապետությունում իրոք չկա ոչ մի ընտանիք, որ իր կարիքների համար ավելի շատ գումար է ծախսում, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Պետական բյուջեն է Հայաստանի Հանրապետության ցանկացած ընտանիքի բարեկեցության թիվ մեկ աղբյուրը, և իմ համոզմունքը նաև այն է, և դա գնալով ավելի է հիմնավորվում, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ընտանիքի և մարդու բարեկեցությունն առաջին հերթին կախված չէ նրանից, թե ինքն ինչքան է ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար, առաջին հերթին կախված է նրանից, թե պետական և համայնքային բյուջեներն ինչքան են ծախսում իր բարեկեցությունն ապահովելու համար»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։