Եկեղեցու նկատմամբ ճնշում կա, վստահ եմ վեհափառը նախկին նախագահների ազդեցության տակ է. Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ

Եկեղեցու նկատմամբ ճնշում կա, վստահ եմ վեհափառը նախկին նախագահների ազդեցության տակ է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց  Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալջանյանը` մանրամասնելով թե ինչու միացավ հայաստանյա սուրբ առաքելական սուրբ եկեղեցու բարեն նորոգման հայտարարությանը:

 


Հարցին, թե ինչու է եկեղեցին ակտիվ մասնակցում քաղաքականությանը, նշեց. «Հավանաբար ճնշում կա, ընթացքը այդպես ցույց կտա. 25 տարի այս նույն կաթողիկոսն էր և ոչ մի ձայն չկար քաղաքականության մասին և հիմա հանկարծ որոշեցին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին: Ես  թերևս մտածում եմ, որ իր (Կտրիճ Ներսիսյանի խմբ.) վրա ճնշում կա: Հավանաբար ճնշում կա և ինքը պետք է բացահայտ խոսի և արտահայտվի և իր ժողովրդին բացատրի: Երբ Բագրատ սրբազանը վարչապետի հրաժարականը պահանջեց որքանով  էր դա ճիշտ, որքանով էր տեղին և ինչու վեհափառ հայրապետը չսաստեց նրանց առաջին օրվանից, ինչու թույլ տվեց հոգևորականներին ծայրահեղությամբ մխրճվել քաղաքականության մեջ»:

 

 

Սրբազանի խոսքով` իր հայտարարությանը միանալու պատճառներից մեկը, որ մեր եկեղեցին իրապես բարեկարգության կարիք ունի. «Վերջին վեց ամիսներին հետևում էի հայրենիքում տեղի ունեցող տհաճ դեպքերին: Լինելով 43 տարվա հոգևորական, տեսնելով եկեղեցու ներսում տիրող անկանոնությունը, հակակոնական բազմաթիվ գործընթացները տեսնելով  չէի կարող չմիանալ վարչապետի կոչին, որը բխում է հայրենիքի շահից: Եկեղեցին պետության և իշխանության կողքին լինելու փոխարեն, քաղաքական հայտարարություններ է անում, դա ինձ անհանգստություն էր պատճառում»:

 

Նա նաև ափսոսանք հայտնեց, որ չորս հոգևորական է բանտարկված, որոնց հետ ինքը մտերիմ է. «Նրանցից մեկին` Միքայելին, որին 35 տարի ճանաչում եմ, հաճախ էինք կապի մեջ և հաճախ էինք զրուցում, ասում էի` սրբազան այդ արտահայտություններդ չափավորիր, շատ խիստ և վտանգավոր արտահայտություններ ես անում, ճիշտ չէ սպառնալ, հեղաշրջում կատարել... եկեղեցուն, հոգևորականին դա պատիվ չի բերում: Մենք պետք է խաղաղասեր լինենք»: