Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետ Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

«Մարտի 1»-ի քրեական վարույթով մեղադրյալ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։


Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նշելով, որ քրեական վարույթով հիմնավորվել է՝ Ս. Աֆյանը 2008 թվականի մարտի 1-ին կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու հավաքները բացառելու գործողությունները, որի հետևանքով հասարակության և պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։


Հիշեցնենք, որ 2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ վերացվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի քննիչի որոշումը:


Հսկող դատախազը 2026 թվականի հունվարի 12-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարան: