Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի հայտարարել է, որ ծրագրում է մինչև 2030 թվականը զգալիորեն ավելացնել երկրի զինված ուժերի բյուջեն։
«Ռազմական ծրագրերի մասին թարմացված օրենքը նախատեսում է 2026-ից 2030 թվականն ընկած ժամանակահատվածում հատկացնել 36 միլիարդ եվրոյի լրացուցիչ միջոցներ՝ մեր վերազինումն արագացնելու համար»,- ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Իստր-Լե-Թյուբե բազայի զինվորականների առջև։
Խոսելով առաջիկա նպատակների մասին՝ Ֆրանսիայի առաջնորդը մատնանշել է հետևյալ ուղղությունները.
Բոլոր տեսակի զինամթերքի պաշարների կտրուկ ավելացում։
Սպառնալիքների հայտնաբերման նոր համակարգի ստեղծում։
Դիրքերի ուժեղացում տիեզերքում և ներդրումներ արհեստական բանականության (AI) ոլորտում։
Մակրոնը միջուկային գործոնն անվանել է երկրի զինված ուժերի «անկյունաքարը»։
Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան զգալիորեն ամրապնդել է իր անկախությունը ռազմական, տեխնոլոգիական և արդյունաբերական ոլորտներում և այսօր ունի «Եվրոպայի ամենաարդյունավետ բանակը»։
Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ նա նշել է, որ թեև նախորդ տարին բարդ էր, սակայն 2026 թվականը նույնպես լի է լինելու մարտահրավերներով, որոնց Ֆրանսիան պատրաստ է դիմակայել։