Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չկրկնել Վենեսուելայի փորձը Իրանում, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
Հեռուստահաղորդավարի
հետ զրույցում հարցին՝ ինչպե՞ս է նա վերաբերվում Իրանում ամերիկյան հնարավոր միջամտությանը,
Ֆիդանը պատասխանել է. «Ես
խորհուրդ կտայի իմ ամերիկացի ընկերներին՝ մի՛ արեք»։ Լրագրողը հավելել է. «Մի՛
ստեղծեք դրանից ևս մեկ Վենեսուելա»։
«Ո՛չ,
մի՛ արեք։ Պետք չէ։ Որովհետև, գիտեք, նրանք արդեն մեծ ճնշում են գործադրում Իրանի
վրա։ Պատժամիջոցներն իսկապես վնաս են հասցնում Իրանի տնտեսությանը։ Ահա թե ինչու
են մարդիկ բողոքում։ Բայց Իրանը պատրաստ է բանակցությունների։ Սակայն մենք պետք է
գտնենք այդ բանակցությունները վարելու ճիշտ ձևը»,- ասել է թուրք նախարարը։
Նրա
խոսքով՝ եթե Իրանը զգա, որ «իրեն անկյուն են մղել», հանրապետությունը «կսկսի
պատրաստվել վատագույն սցենարին»։ Ֆիդանը կարծում է, որ գոյություն ունի խնդիրը
լուծելու հնարավորություն, «ինչպես և Ռուսաստանի ու Ուկրաինայի դեպքում»։