Քոչարյանը թող վերադառնա իր երջանիկ կյանքին՝ ժողովրդին պարգևելով «առանց Ռոբերտ Հայաստան»-ում ապրելու երջանկությունը

Իշխանության գալու իղձն ու փափագը սրտում ամբարած Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսում նորից ցինիզմի, անադեկվատության  «մաստեր կլասս» է ցուցադրել՝  ազդարարելով՝ երկիրն այս վիճակից իրենից  լավ ոչ ոք չի կարող հանել, այդ պատճառով էլ ուզում է նորից մասնակցել ընտրապայքարին։  «Եթե մեկի անունը տաք, ով ավելի մեծ փորձ ունի, շատ բարի»,- հայտարարել է Քոչարյանն ու խոսել իր կյանքի երջանիկ տարիների մասին։ Պարզվում է՝ այդ տարիները չեն եղել այն շրջանը, երբ Ղարաբաղից բերվեց Հայաստան, կարգվեց ՀՀ վարչապետ, ապաև՝ ԺԷԿ-ի թղթով դարձավ ՀՀ նախագահ՝ այդ պաշտոնն  ուզուրպացնելով մինչև 2008 թվականը, հընթացս դիզելով իր անծայրածիր ունեցվածքը։  Պարզվում է՝ իր կյանքի երջանիկ տարիները Քոչարյանը համարում է  2008-2018 թվականները, այսինքն՝ այն շրջանը, երբ նախագահական գահը, ժամկետը լրանալու բերումով, հանձնեց իր իրավահաջորդ Սերժ Սարգսյանին ու դարձավ երիտասարդ թոշակառու՝ այդ կարգավիճակում վայելելով դիզած միլիոնները։   


Հիշեցնենք, թե ինչ պայմաններում տեղի ունեցավ Քոչարյանի՝ դեպի երջանիկ կյանք  ու պատասխանատվություն չկրելու շրջան թևակոխելը՝ 2008-ի նախագահական  կեղծված ընտրություններ ու մարտի 1-ի ողբերգության 10 զոհեր, բազմաթիվ վիրավորներ, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ, ՀՀ-ի ժողովրդավարական ինստիտուտների բարոյալքում ու երկրի միջազգային իմիջին հասցված ահռելի վնաս։ Եվ մինչ Քոչարյանը սաֆարիներում առյուծի ու այլ գիշատիչ կենդանիների որսով ու դրանց լեշերի ֆոնին ֆոտոսեսիաներով էր զբաղված, ՀՀ-ն մոնիտորինգի տակ էր՝ ԵԽԽՎ-ն ՀՀ-ի վերաբերյալ բանաձևեր էր ընդունում՝ 1609, 1620, 1643, 1699, կոչ անում անել այս կամ այն բանը՝ հետմարտիմեկյան ճգնաժամը հաղթահարելու համար․․․ Քոչարյանի ցինիզմի ու էմպատիայից, պետական մտածելակերպից  իսպառ զուրկ լինելու մասին է վկայում նրա այն դիտարկումը, թե՝ 2008-ին, դադարելով զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը, եղել է ազատ մարդ, աշխատել է հսկայական ընկերությունում («ԱՖԿ Սիստեմա», անկախ տնօրեն), մեծ գումար է վաստակել և, ուշադրություն,  պատասխանատվություն չի ստանձնել ամեն ինչի համար։ «Սա մի ուրիշ հաճույք է մի մարդու համար, որը 88-ից մինչև 2008 թվականը միշտ սենց ծանր փորձություններով անցնում էր, միշտ ճգնաժամային իրավիճակներում պատասխանատվություն էր իր վրա ստանձնում։ Հիմա ևս ճգնաժամային իրավիճակ է, և պատասխանատվություն ստանձնելու ու պատասխանատվությունից խուսափելու ընտրության առջև եմ ես կանգնած»,- նշել է Քոչարյանը։


Հարկ է նկատել, որ 2008-2018 թվականները ՀՀ-ի համար եղել են բարդ ու մարտահրավերներով լի տարիներ՝ թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական առումով՝ հետմարտիմեկյան իրավիճակի հանգուցալուծումից մինչև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրում, Հայաստանի և Եվրամիության միջև  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքում, ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցություն, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմԱյս և այլ իրադարձությունների ընթացքում, փաստորեն, ՀՀ-ն 10 տարի կառավարած սուբյեկտը վայելում էր  կուշտ, գոհ ու երջանիկ իր կյանքը՝ «զրո» պատասխանատվության զգացումով իր երկրի անցյալի (մասնավորապես իր նախագահության շրջանի), ներկայի ու ապագայի հանդեպ, անմասն լինելով այդ երկրին պատուհասած փորձություններին, մարտահրավերներին արձագանքելուն, այնքանով, որքանով ենթադրում է նախկին նախագահի ինստիտուտը։  Նույն այդ նախկին նախագահը, արդ, նույնքան կուշտ, գոհ ու երջանիկ կշարունակեր իր կյանքը, եթե 2018-ի հեղափոխությունը չլիներ, ինչից հետո միայն պատասխանատվությունից ազատված նախկին նախագահը կանգնեց դատարանի առաջ՝ պատասխանատվություն կրելու «Մարտի 1»-ի գործով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։ Հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, և այդ պատերազմի ելքի համար ինքզինքը պատասխանատվությունից ազատած Քոչարյանը որոշեց առիթն օգտագործել՝ երջանիկ ու ապահով իր կյանքի համար պակասող երաշխիքը  ապահովելու համար։ Այն է՝  վերաուզուրպացնել իշխանությունը։  Սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։  


Արդ, այսքանից հետո եթե երկրորդ նախագահը պատասխանատվության գեթ մեկ տոկոս զգացում ունի ՀՀ-ի ներկայի ու ապագայի հանդեպ, ապա թերևս պետք է ընտրապայքարի մեջ նորից թաթախվելու փոխարեն մտածի երջանիկ իր կյանքին վերստին վերադառնալու մասին, այն կյանքին, որը եղել է 2008-20018-ին, ՀՀ ժողովրդին պարգևելով «առանց Ռոբերտ Հայաստան»-ում ապրելու հաճույքն ու երջանկությունը։ 


Հ. Մ.