Քոչարյանն իր նախագահության օրոք տարաձայնություն չուներ Կտրիճ Ներսիսյանի հետ, քանի որ վերջինս իր պատճենն էր եկեղեցում

«Իմ պաշտոնավարման շրջանում երբևէ տարաձայնություններ չեմ ունեցել  Վեհափառի հետ»։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է հայտարարել իր վերջին ասուլիսում ու հավելել՝ «եթե որևէ մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի՝ հարց տվողը հոգեկան հիվանդ է»։


Տարօրինակ արձանագրում է անում  Ռոբերտ Քոչարյանը՝ ինչո՞ւ  նա կամ նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանը պետք է տարաձայնություններ ունենային այն սուբյեկտի հետ, որը հանրության շրջանում նույնացվում էր իրենց օրոք ձևավորված քրեաօլիգարխիայի հետ։ Հենց Գարեգին Բ-ի գահակալության  տարիներին, ցավ ի սիրտ՝ արձանագրենք, եկեղեցու հանրային ընկալման տրանսֆորմացիա տեղի ունեցավ՝ Մայր աթոռն այլևս հանրության շրջանում ընկալվում էր  որպես իր գլխավոր ու կարևոր առաքելությունից շեղված՝ օրվա իշխանության սպասավոր, եթե չասենք՝ այդ իշխանությանը սերտաճած ինստիտուտ։  Պատահական չէ, որ ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էին  իրենց  իշխանության տարիներին  ատելի  դարձել հանրության մեծամասնության շրջանում, այնպես էլ Գարեգին Բ-ի կաթողիկոսության շրջանում  ի հայտ եկավ ժողովրդի ընդգծված բացասական վերաբերմունքը եկեղեցու հանդեպ։ Մի մարմին, որտեղ թափանցեցին այն բարքերն ու արժեքները, որոնք Քոչարյան-Սարգսյան զույգը հաստատել էր պետական քաղաքական համակարգում՝ գողականություն, մաֆիոզ հարաբերություններ, կոռուպցիա, հովանավորչություն․․․ Գարեգին Բ-ն էլ, ըստ այդմ,  ընկալվում էր որպես նախկին ռեժիմի պարագլուխների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատճենը հոգևոր կյանքում։


Հետևապես Ռոբերտ Քոչարյանը հաշտ ու համերաշխ էր երկրի թիվ մեկ հոգևորականի հետ, որն էլ, իր հերթին հաշտ ու համերաշխ լինելով օրվա իշխանության հետ, օրհնում էր ՀՀ նախագահի պաշտոնում իր ընտրությունը, վերընտրությունը, մասնակցում իր երդմնակալությանը՝  հայցելով Տիրոջ օգնականությունն ու առաջնորդությունը,  «անշեղ ընթացք» մաղթելով իր «հայրենաշեն իրագործումներին»։

 

Փույթ չէ, որ Քոչարյանի ընտրությունը, վերընտրությունը նախագահի բարձր պաշտոնում տեղի էին ունենում հավատավոր հոտի կամքը բռնաբարելու, անառողջ մրցակցության, ատելության ու լարվածության մթնոլորտում,  զազրելի կեղծիքների ու զեղծարարությունների,  ահաբեկչությունների, թվերի և փաստերի ակնհայտ նենգափոխումների միջոցով։


Արդ, գանք երկրորդ նախագահի այն դիտարկմանը, թե՝ «եթե որևէ մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի՝ հարց տվողը հոգեկան հիվանդ է»։ «Այս պատկերը» ասելով Քոչարյանը ենթադրաբար նկատի ունի եկեղեցու, ավելի ստույգ՝ Գարեգին Բ-ի ու որոշ հոգևորականների շուրջ խորացած ճգնաժամը, ճգնաժամ, որի հիմքերը, ինչպես ասացինք, գցվել են դեռ իր նախագահության օրոք։ Քոչարյանն իր ամենամղձավանջային երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ իր կողմից հարգված-սիրված, «անտարաձայն» կաթողիկոսը կարող է իր հրաժարականը պահանջել, ասենք՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո կամ, ասենք, 2003-2004 թվականի հետընտրական խայտառակություններից հետո, կամ, ասենք, Մարտի 1-ի սպանդից հետո։ Այո, նման բան պատկերացնելու համար պետք էր առնվազն հոգեկան հիվանդ լինել։ Իսկ ահա 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հետո, երբ երկիրը ներքին անկայուն վիճակում էր, թշնամանքի ու ատելության մթնոլորտը գնալով խորանում էր, կաթողիկոսը քաղաքական դերակատարում էր ստանձնել ու, ձայնակցելով «Հայրենիքի փրկության շարժման» ընդդիմադիր լիդերներին, պահանջում էր իր հավատավոր հոտի մեծամասնության կողմից ընտրված իշխանության հրաժարականը։ Ավելին, նա իր այդ՝ «անժամանցելի պահանջը» վերահաստատեց նաև 2023-ին։  2024-ին էլ իր  կողմից արքության պատիվ ստացած եպիսկոպոսին՝ Տավուշի թեմի առաջնորդ Վազգեն Գալստանյանին, գործուղեց փողոց՝ օրհնելով նրա առաջնորդած «սրբազան շարժումը», որի պահանջը «նեռ, չարիք» որակված վարչապետի հրաժարականն էր։


Թե ի՞նչ հոգեկան ապրումներ կունենար Ռոբերտ Քոչարյանը ու ինչ գերօպերատիվ  գործողությունների կդիմեր, եթե իր նախագահության օրոք որևէ եկեղեցական, առավել ևս՝ ամենայն հայոց կաթողիկոսը հանդգներ ու ակնարկեր իր՝ Քոչարյանի  հրաժարականի մասին, չենք հանդգնում նույնիսկ երևակայել։ Խնայում ենք մեր հոգեկան առողջությունը:  


Հ. Մ.