Սամվել Կարապետյանի որդի Սարգիս Կարապետյանը քիչ էր մնում Հայաստանում սեքսուալ հեղափոխության իդեոլոգ դառնար՝ «Եռանկյունի» կոչվող «փոդքաստում» խոստանալով՝ Կարապետյան ընտանիքի խոստացած «ուժեղ Հայաստանում» չեն լինելու «չբավարարված կանայք»։ Ընդհուպ այդ հարցերը կուրացիա անելու՝ «սեքսի նախարարություն» հիմնելու գաղափարն էր քննարկվում հիշյալ «փոդքաստում», որի հյուրը սոցիոլոգ Արմեն Խաչիկյանն էր։ Հենց նա էլ, ի դեպ, այսպես ասած՝ «չբավարարված կանանց» թեման «մասնագիտորեն» շոշափելով որոշ վիճահարույց, մանիպուլյատիվ նկատառումներ հայտնեց՝ «փոդքաստը» վարող «մերձևովական ուժեղիստներին» ստիպելով կանանց թիրախավորող դիտարկումներ անել։
Կանանց սեռական կյանքի որակին
վերաբերող կրտսեր Կարապետյանի «ռոմանտիկ զեղումները», նկատենք, համացանցում մեծ աժիոտաժ
առաջացրին՝ պարսավանքի սյունին գամելով կին, երեխաներ, քույր, մայր, իգական սեռի բազմաթիվ
հարազատներ ունեցող «բավարարված մաչոյին»։ Այն աստիճան, որ վերջինս հանդես եկավ մեղայականով,
որում, սակայն, նորից թիրախավորեց կանանց, թե՝«քֆուր տվող կինը նորմալ ա՞»։ Չգիտենք՝
Սարգիս Կարապետյանի դաստիարակությամբ ով է զբաղվել, ով է բացատրել՝ «Что такое хорошо и что такое плохо?, բայց ակնհայտ է, որ դաստիարակությունն այս մասով որոշակի բացեր
ունի։ Այլապես որդի Սարգիսի համար աննորմալ կամ պարանորմալ կհամարվեր ոչ միայն «քֆուր
տվող», այլև վիրավորող, անիծող, պիտակավորող, դիմացինի արժանապատվությունը նվաստացնող
մարդ արարածն ընդհանրապես՝ առանց սեռային խտրականության։ «Քֆուր տալով» կամ, ասենք,
վիրավորելու միջոցով արտահայտվելը՝ օրվա իշխանությանն ընտրած կամ աջակցող ժողովրդին անվանելով «նախիր», «ժեխ», «զոմբի» (պարզվեց
նաև՝ «սեռական առումով չբավարարված»), ինչ խոսք, մարդու ընտրությունն է, որը ենթադրում
է պատասխանատվություն՝ ներողության կամ պատժի տեսքով։
Օրինակ՝ երբ Սարգիս Կարապետյանի հորեղբայր Կարեն Կարապետյանը տարիներ առաջ «համբալ» անվանեց ՀՀ քաղաքացիներից մեկին, դա հեչ նորմալ չէր, նույնիսկ՝ պարանորմալ։ Բայց դա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի ընտրությունն էր։ Այստեղ ոչ նորմալը կամ աննորմալը հատկապես այն էր, որ մարդուն նման կերպ բնորոշելու համար «ձյաձ Կարենը» պատասխանատվության չկանչվեց, երևի այն պատճառով, որ ՀՀԿ-ի օրոք նորմալ էր մարդուն «համբալ» ընկալելը, որին կարելի էր գնել ընտրակաշառքով, կեղծել նրա քվեն՝ ուզուրպացնելով վերջինիս պատկանող իշխանությունը։ «Ձյաձ» Կարենն, ի դեպ, ղեկավարում էր մի խմբակցություն, որի պատգամավորներն աչքի էին ընկնում վիրավորանքի, հայհոյանքի, սպառնալից խոսքի նկատմամբ առանձնակի թուլությամբ։ Քաղաքական «քֆուրոլոգիայի» քրեստոմատիայում իրենց ուրույն տեղը գրաված «ականավոր» քֆուրչիներից են Շմայսը՝ Առաքել Մովսիսյան, Սաշիկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի եղբայր, Վարդան Այվազյանը և այլք։
Իրեն համացանցում առարկողներին
քֆուր չէր տալիս, բայց նրանց «աչքերը հանելու»
ու «լակոտ» որակելու հարցում աչքի էր ընկնում ՀՀԿ-ական կին պատգամավորներից Շուշան
Պետրոսյանը, դե իսկ նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանն ու երիտՀՀԿ-ականներից ոմանք տարիներ առաջ զբաղված էին իրենց քաղաքական
ընդդիմախոսներից մեկին «պուբլիչնի փչացնելով»՝ նրան անվանելով «Դոդի Գագո», «քաղաքական չարիք»,
«քաղաքական հիվանդություն», «կոլբայի մեջ գտնվող հրեշ» և այսպես շարունակ։
Թե նմանատիպ խոսույթը ինչի՞ հետևանք
էր՝ սեռակա՞ն, թե՞ այլ պահանջմունքի չբավարարման, ասել չենք կարող, բայց փաստ է, որ
նման արտահայտչակերպը սնուցում էր երկրում ձևավորված գաղջ մթնոլորտը, որից այդքան բողոքում
էր մթնոլորտի թիվ մեկ պատասխանատուն՝ Սերժ Սարգսյանը։ Սարգիս Կարապետյանին առաջարկում
ենք հերթագրվել, այս երեկո գնալ Սերժ Սարգսյանի
կեցավայր ու հարցնել՝ 2021 թվականի քարոզարշավի ժամանակ երբ վերջինս հայհոյախոսում
էր Նիկոլ Փաշինյանի հասցեին, նորմա՞լ էր, նկատի ունենք՝ սթա՞փ էր, թե՞ հոգեմետ որևէ
նյութի ազդեցության տակ։ Իսկ գուցե սրբություններ չունենալու հարուցած «անբավարարվածությո՞ւնն»
էր բարբառում մերժված նախագահի շուրթերով։
Հ. Մ.