Նախկիններից սերողները՝ Սամվել Կարապետյանի թիմում․ Տաշիրսամոյականների համար քանի՞ պորտ այն կողմն է համարվում «նախկին»

«Տաշիր Սամոյի» «Մեր ձևով»-ի Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ նախկին իշխանությունների հետ գործակցությունը բացառվում է, սակայն պարզվում է, որ նախկիններից «սերող» որոշ դեմքեր հանգրվանել են մերձևովական ուժեղհայաստանականների թիմում։


Թիմի կարկառուններից է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, այժմ էլ Սամվել Կարապետյանի փաստաբան, ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, Դիմադրության շարժման ֆիասկոյից հետո  Քոչարյանի թիմը լքած Արամ Վարդևանյանը։ Նա, հիշեցնենք, 2023-ից Քոչարյան ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի  խորհրդի անդամ է։ Ավելին ասենք՝ 2017-ից մինչև 2018-ը  եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ավագ օգնականը։


Նույն Ռոբերտ Քոչարյանի օրոք Գլխավոր դատախազի տեղակալ, ապաև արդարադատության նախարար աշխատած (մինչև 2010 թվականի դեկտեմբեր) Գևորգ Դանիելյանի որդին էլ՝ իրավաբան Արթուր Դանիելյանը, «Մեր ձևով»-ական է։ Գևորգ Դանիելյանն էլ, նկատենք, մեկն էր այն «իրավահուշարարներից»,  որոնց «սպռավոչկայով» էլ ուժեղականները մտադիր են Սահմանադրության մեջ  համապատասխան փոփոխություն անել, որի դեպքում հնարավոր կլինի Սամվել Կարապետյանին դարձնել ՀՀ վարչապետ։ Համապատասխան տեսագրությունը, որում էլ հնչում է «օգտակար հուշումը»,  հրապարակվեց «Ուժեղ Հայաստան»-ի պրեզենտացիայի ժամանակ։ 


Հետաքրքիր է՝ Կարապետյանների ընկալմամբ՝ «նախկին» ասվածը ի՞նչ է  ենթադրում,  նրանց գնահատմամբ՝ «քանի՞ պորտ այն կողմն» է համարվում նախկին։


Նախկիններից սերող, «ձևովական», «ուժեղականների»  հետ այսօր սեր անող այլ սուբյեկտների մասին՝ հաջորդիվ։