Կիրիենկոյի կլիենտուրան՝ «Նոյան տապանի» ուղևոր

Հիսուս Քրիստոսի արձանը Հատիսի գագաթին տեղադրելու պրոյեկտը դեռ հորով-մորով չարած՝ Գագիկ Ծառուկյանը, ինչպես պարզվեց, որոշել է զարգացնել աստվածաշնչյան թեմատիկան նաև քաղաքական դաշտում։  Ինքզինքը մերօրյա Նոյի տեղը դրած՝ ԲՀԿ առաջնորդը լծվել է քաղաքական տապան շինելուն՝ դրանում ներառելու․․․ չէ, ոչ թե ֆլորայի կամ ֆաունայի ներկայացուցիչներին, ինչպես Նոյ նահապետը, այլ քաղաքական տարբեր դեմքերի։  Նրանց, ովքեր, իր կարծիքով, կտեսնեն փրկության ու վերածննդի ճանապարհն ու կառաջնորդեն այդ ճանապարհով։


Ծառուկյանի փրկարարա-լուսավորչական տապանի առաջին այցելուն, ինչպես պարզվեց, ամիսներ առաջ Քոչարյանի մոլի աջակիցներից մեկի կուսակցությունն անվանափոխած ու դրա առաջնորդը դարձած Անդրանիկ Թևանյանն է։ Նա, ինչպես պարզվեց Հ1-ին տված նրա հարցազրույցից, ինքզինքը դրել է հայտնի կենդանու տեղը՝ հերքելով իր ռուսաստանյան հետագիծն ու տապանի՝ ՌԴ-ի կողմից ուղղորդված լինելը։ Չգիտենք՝ «Նոյի» քաղաքական կլիենտուրայի մեջ այս պահին հավ կա, թե ոչ, բայց համոզված ենք, որ նույնիսկ եփած հավի ծիծաղը հարուցեց Թևանյանի նման հերքումը։   


Փոքրիկ սպռավոչկա.  «Մայր Հայաստան»-ի առաջնորդը կամ, ինչպես ժողովուրդն է նրան մկրտել՝ «Դոնբասի Անդոն», ՌԴ նախագահ Պուտինի հետ քիմիական կապ ունեցող Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի պատգամավոր էր, մանդատն էլ վայր դրեց 2023-ին Երևանում կայացած ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Մասնակցեց, բայց․․․ մայրաքաղաքը «վերցնելու», հետո էլ երկրում ամբողջական իշխանափոխություն անելու նրա մուրազն անկատար մնաց։ «Իշխանությունը վերցնելու» հաջորդ փորձը Թևանյանն արեց նախորդ տարի՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելով ու սերժաքոչարյանական ուժերի  կոնգլոմերատի կազմում  ՀՀ երկրորդ քաղաքի կառավարումը Վարդան Ղուկասյանին հանձնելով։ Կաշառքի գործով քրեական հետապնդման ենթարկվող, կալանքի տակ գտնվող Ղուկասյանին համայնքապետ կարգած ընդդիմադիր ուժերը, հիշեցնենք, սրանք էին՝  «Մայր Հայաստան»-ն էր՝ իր երկու մանդատով, Կոմկուսը՝ «դա զդռավստվուետ սովետցկիյ սոյուզ» կազմով,  ինչպես նաև «կադրային չեկիստ», Սոլովյովի տաղավարում «Կռիմ նաշ» ազդարարած Արթուր Վանեցյանի ու Սերժ Սարգսյանի մոտ պատգամավոր աշխատող Մարտուն Գրիգորյանի ձևավորած «Մեր քաղաքը» դաշինքը։ Այն Սերժ Սարգսյանի, որը, հիշեցնենք, ԵՄ-ի հետ տարիներ շարունակ համաձայնագիր էր բանակցում, պնդում, որ Մաքսային միությանը չի միանալու, բայց  Պուտինի հրահանգով մեկ գիշերվա մեջ որոշում էր փոխում՝ համաձայնելով միանալ նույն այդ Միությանը։ Այն Սերժ Սարգսյանի, որը 2021-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նախատում էր Նիկոլ Փաշինյանին, թե՝ «արա, դու ո՞վ դառար, որ օդանավակայանում չես դիմավորում ՌԴ նախագահին՝ կլինի Պուտինը, Մեդվեդևը,  թե Ելցինը»։ Ինչևէ։ Բայց հըմի, ինչպես գյումրեցիք կասեն, կարևորն էդիկ չէ։ Կարևորը Դոնբասի Անդոյի կամ Անդրանիկ Թևանյանի արած անհամոզիչ պնդումն է, թե՝ իրենք ռուսական պրոյեկտ չեն, ու այս համատեքստում արած համոզիչ հավաստիացումը, թե՝ այո, տապանն իր «բնակիչներով»  պատրաստ է միանալ ապագա խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին ու «Գյումրի-2» անել։ Այն է՝ եթե, դիցուք, խորհրդարան անցած Ռոբերտ Քոչարյանի կամ ռուսաստանցի գործարար, Ռուսաստանից գործուղված Սամվել Կարապետյանի գլխավորած քաղուժերին միանալու խնդիր լինի, իրենք չորս ոտքով, ներողություն՝ երկու ձեռքով, երկու ոտքով համաձայն կլինեն։ Կասկածող էինք փնտրում։ Կոպիրկինի ու Կիրիենկոյի ցուցումներն ու տիտանական ջանքերը հո իզուր չե՞ն։  Ի դեպ, ժամանակ առաջ մամուլը գրեց, որ Թևանյանը հրավիրվել է Մոսկվա՝ Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Հայաստանի գծով քարոզչական  աշխատանքները կուրացիա անող Կիրիենկոյի հետ հանդիպման։ «Անդրանիկ Թևանյանն ու «Մայր Հայաստանը» Ռուսաստանի համար ընկալելի ու հարմար գործընկերոջ համբավ ձեռք բերեցին Դոնբասի շրջան հրապարակայնորեն պատվիրակություն ուղարկելով»,-մասնավորապես գրել էր մամուլը։


Դե իսկ Գագիկ Ծառուկյանի ռուսական հետագիծն այնքան ակնհայտ է, որ այն պարզաբանելու կարիք չկա։ Նրա հաճախակի այցերը ՌԴ ու մասնակցությունը տարատեսակ տնտեսական, կուսակցական և այլազան  միջոցառումներին բնավ արտառոց չեն։ Իր վերջին այցերից մեկի ժամանակ, ի դեպ, Դոնբասի Անդոյի հետ Հայաստանը փրկել պատրաստվող ԲՀԿ առաջնորդը խոսել էր ՌԴ-ի հետ «եղբայրական հարաբերությունները վերականգնելու» մասին՝ միաժամանակ հավելելով՝ «երիտասարդներին պետք է  պատմել, թե որքան շատ բան է անում Ռուսաստանը Հայաստանի համար։ Բոլոր խոշոր երկրներն այժմ ցանկանում են կարգավորել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ, իսկ պաշտոնական Երևանը փչացնում է դրանք։ Դա անթույլատրելի է, պետք է վերականգնել հարաբերությունները»։ Մնում է պարզել՝ Նոյի եղբայրներից ո՞ր մեկն է Ռուսաստանը, որի հետ փչացած հարաբերություններն էլ տապանի բնակիչները պետք է վերականգնեն։


Հեղինե Մանուկյան