Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մասնակցում է Վիեննայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովի ձմեռային նստաշրջանին: Կառույցում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով:


«Հարգելի՛ գործընկերներ,


Չնայած ԵԱՀԿ տարածաշրջանի որոշ հատվածներում անվտանգության միջավայրի վատթարացմանը և մասնակից պետությունների միջև աճող բևեռացմանը՝ մենք պետք է նաև արձանագրենք, որ մեր տարածաշրջանում առկա են դրական զարգացումներ: Անցյալ տարի այս նույն դահլիճում նստած մենք դժվար թե պատկերացնեինք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն այնքան առաջ կընթանա, որ կհասնենք խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության, որ կգտնենք գործնական լուծումներ նախկինում անլուծելի համարվող հարցերի առնչությամբ և կսկսենք քննարկել մեր երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցեր:


Նման առաջընթացը հնարավոր չէր լինի առանց Միացյալ Նահանգների վարչակազմի կառուցողական ներգրավվածության Հարավային Կովկասում խաղաղության ջանքերին աջակցելու առումով և TRIPP նախաձեռնության՝ որպես տարածաշրջանային կապակցվածության ու երկարաժամկետ կայունության համապարփակ շրջանակի առաջմղում: TRIPP-ը մեր տարածաշրջանը Արևելքի և Արևմուտքի միջև հուսալի կամրջի վերածելու մասին է՝ նպաստելով համաշխարհային առևտրին և տարանցիկ հոսքերին այն ժամանակ, երբ բազմազանեցված, անվտանգ և դիմակայուն ուղիներն առավել քան երբևէ կարևոր են:


Սա միայն սկիզբն է: Մենք համոզված ենք, որ եկել է պահը առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու խաղաղության համաձայնագիրը, որն իրավականորեն կամրագրի խաղաղությունը և կնպաստի տնտեսական համագործակցության ընդլայմանը՝ ամրապնդելով երկարատև կայունությունը:


Միևնույն ժամանակ շարունակվում է սահմանազատման գործընթացը՝ վերահաստատելով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը: Սա գործնական և նշանակալի քայլ է կայունության ու կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ:


Վերջապես, ցանկանում եմ ընդգծել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը: Մենք այն դիտարկում ենք որպես կայուն, փոխկապակցված և բարգավաճ տարածաշրջան կառուցելու անբաժանելի մաս ու ակնկալում հետագա շոշափելի առաջընթաց:


Շնորհակալություն»,- ասել է Սարգիս Խանդանյանը: