Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026 թ. կկազմի 5.3, իսկ 2027-ին՝ 4.8 տոկոս. S&P Global Ratings-ի կանխատեսումը

Հենց այսպես էլ աշխատում ենք. «2022 - 2025 թթ. ՀՀ-ում միջին տնտեսական աճը կազմել է 7.8%, ինչը գործակալության կողմից գնահատվող 143 սուվերեն պետությունների շարքում ամենաարագ աճի տեմպերից մեկն է»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


 

«S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշը BB-/B մակարդակում, իսկ հեռանկարը՝ վերանայել «կայուն»-ից «դրական»:


 

Կանխատեսման վերանայումն արտացոլում է գործակալության գնահատականը տարածաշրջանային, աշխարհաքաղաքական և անվտանգային դինամիկայի բարելավման հնարավորության վերաբերյալ, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ու առևտրային հարաբերությունների կարգավորման գործընթացում հետագա առաջընթացի առումով։


 

S&P Global Ratings-ը դրական է գնահատել ՀՀ տնտեսական աճի հեռանկարները։


 

ԿԲ միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակը և ճկուն փոխարժեքը կնպաստեն հնարավոր անսպասելի արտաքին ցնցումների չեզոքացմանը։


 

Գործակալության կանխատեսմամբ՝ Հայաստանի իրական ՀՆԱ-ի աճը 2026թ. կկազմի 5.3%, իսկ 2027 թ.՝ 4.8%»,- գրել է նա: