«Միջազգային հանրապետական ինստիտուտ»-ի (IRI) կողմից օրերս հրապարակված սոցհարցման տվյալները, ինչպես երևում է, սթրեսի ու ցնցումների մեջ են գցել պրոռուսական ընդդիմադիր պրոյեկտներին ու դրանց վարչապետացուներին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, հետսոցհարցումային սթրեսը փորձեց ցրել իր թիմի երկու տիկնանց վարած «փոդքաստի» տաղավար շտապելով, ռուսաստանցի միլիարդատիրոջ թիմն էլ իր «ձևով» որոշեց «սթրեսահան» լինել՝ հրապարակեց, այսպես ասած, «կոնտր» սոցհարցման տվյալներ, որոնց համաձայն՝ Սամվել Կարապետյանը «հաղթում է» Նիկոլ Փաշինյանին։ Եվ ուրեմն, ուռա՜, ընկերներ, ուռա՛, ուռա՛․․․ Մի քանի օր է՝ ուժեղները ֆեյսբուքներում ու ասուլիսների տաղավարում իրենց իմացած ձևերով աղաղակում են՝ «Սամվե՛լ, վարչապետ»՝ վեր թռցնելով իրենց քաղաքական առաջնորդին։ Էյֆորիան հասել է այն աստիճանի, որ Սամվել Կարապետյանի դուստրը սոցցանցի իր էջում հրապարակել է սիրելի հայրիկի լուսանկարն ու կից ցնծացել՝ Սամվել Կարապետյան, ՀՀ վարչապետ։ Մեծ է գայթակղությունը հորդորելու ձևավոր ուժեղներին՝ մի քիչ ակուրատնի ցնծացեք, չգիտե՞ք՝ ցնծում է նա, ով․․․ ամենավերջինն է ցնծում։
Հարկ
է նկատել, որ իրենց կողմից իբրև թե արված սոցհարցումների մասին ՀՀ թիվ մեկ ձևիստ Նարեկ
Կարապետյանը ավելի վաղ՝ ավելի քան 1 ամիս առաջ, փետրվարի 3-ին էր ծանուցել՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով երկու՝
«բոյով» ու «կոլոտ» «ստոլբիկներ», որոնցից մեկի վերևում 34 տոկոս է նշված ու
Սամվել Կարապետյանի, այսպես ասած, ուռճացված գլուխն է, մյուսի վերևում 33 տոկոս է նշված
ու Նիկոլ Փաշինյանը։ Մեկ տոկոսի տարբերությամբ, ահա, ըստ ուժեղների պատվիրած սոցհարցման
տվյալների (հարցումն իրականացրել է տեղական «Էմպիրիկա» ընկերությունը)՝ Փաշինյանը պարտվում
է Կարապետյանին։ «Վստահ քայլերով գնում ենք դեպի հաղթանակ։ Սա է նաև պատճառը, որ Փաշինյանը սրում է մեր դեմ անձնական թիրախավորումը։ Սակայն փոքր առավելությամբ հաղթանակը բավարար չէ։ Մենք պետք է խորհրդարանում ունենանք բացարձակ մեծամասնություն։ Մեծ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է մեծ և ուժեղ քաղաքական ուժ»,- մասնավորապես գրել էր Կարապետյանը։
Մենք անդրադարձել էինք այս խորհրդավոր ու նկատենք՝ մանիպուլյատիվ, ոչ
պրոֆեսիոնալ ձևակերպմամբ սոցհարցմանը, որն, ի դեպ, այդ օրերին այդպես էլ
չհրապարակվեց։ Ակնհայտ էր, որ ինչ-որ «մութ» բան կա այս սոցիոլոգիական աճպարարության
մեջ։ Մեր ուշադրությունը գրավեց հարցմանձ ևակերպումը՝ «ում կընտրեիք, եթե ընտրությունը լիներ այս երկու գործիչների միջև»: Այդ մասին ավելի հանգամանալից՝ ստորև։
Ու բավական էր, որ ՄՀԻ-ն հրապարակի իր տվյալները, որպեսզի «ձևովականները» հիշեին՝
հլը մի րոպե, մենք էլ էինք, ախր, նման մի հարցում արել, չբռնե՞նք սարքենք (էլի
ստոլբիկներով), հրապարակենք, «կռվացնենք» ամերիկյան կազմակերպության արած հարցման
տվյալների հետ։ Ինչն է ուշագրավ, որ մեկուկես ամիս անց հրապարակված սոցհարցման
տվյալները, օ՜ զարմանք, փոքր-ինչ այլ են։
1-ով աճել են թե Սամվել Կարապետյանի, թե Նիկոլ Փաշինյանի տոկոսները՝ դառնալով
համապատասխանաբար 35 և 34։ Առաջատարը, բնականաբար, նորեն «ուժեղ», տնային կալանքի
տակ գտնվող առաջնորդն է։ Փաստորեն, Նարեկ
Կարապետյանի ասած՝ «փոքր առավելությամբ» Սամվել հոպարը մի ամսվա մեջ խորհրդավոր
հանգամանքներում 1-ով աճեցրել է իր 34 տոկոսն ու աճեցրել նաև Փաշինյանի 33 տոկոսը։
(Խեր լինի, պիտի որ Փաշինյանի տոկոսն իջեցրած լինեին)։
Նկատենք, որ սոցհարցման տվյալները հրապարակած կուսակցության խոսնակ Մարիաննա
Ղահրամանյանը նշել է, որ հետազոտությունն արել
է նույն՝ «Էմպիրիկա»-ն, փետրվարի 12-ից առաջ և հետո, ընկերություն,
որին հղումով էլ, ինչպես արդեն հայտնեցինք,
Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան հրապարակում էր արել դեռ փետրվարի 3-ին։ Մինչ անդրադառնալը փետրվարյան այս հարցման արձանագրած երկու տարբեր արդյունքների (տոկոսների)
առեղծվածին՝ ուշադրություն հրավիրենք հարցման ձևակերպման վրա՝ «եթե վարչապետի
ընտրությունը լիներ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի միջև, ո՞ւմ կընտրեիք»։
Սոցհարցում իրականացնող ընկերությունը, փաստորեն, տեղյակ չէ, որ ՀՀ-ում
խորհրդարանական համակարգի անցումից հետո, արդեն շուրջ 10 տարի, ուղիղ ընտրությունների միջոցով վարչապետ չեն
ընտրում։ Ընտրում են քաղաքական կուսակցություններ։ Վարչապետի ընտրությունը տեղի է
ունենում այլ մարմնի՝ խորհրդարանի միջոցով, երբ ԱԺ անցած քաղաքական ուժերն
առաջադրում են իրենց վարչապետի թեկնածուին
և քվեարկությամբ ընտրում։ Այ, այ, այ, այ,
այ․․․
Ընդգծենք, որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել ո՛չ պատգամավոր, ոչ էլ վարչապետի
թեկնածու՝ սահմանադրական արգելքի պատճառով։ Ավելին, փետրվարի 3-ին՝ Ն․ Կարապետյանի
արած հրապարակման օրվա դրությամբ, դեռևս հայտնի չէր, որ հենց Սամվել Կարապետյանն է
լինելու «ձևիստների» վարչապետի թեկնածուն։ Այդ մասին հայտարարվեց փետրվարի 12-ին
ու հատուկ շեշտվեց՝ որպեսզի Կարապետյանն առաջադրվի վարչապետի թեկնածու, «Ուժեղ Հայաստան»-ը պետք է
խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձևավորի, փոփոխի Սահմանադրության
համապատասխան հոդվածը, որից հետո միայն Ս.
Կարապետյանը իրավունք կունենա առաջադրվելու։
Եվս մի քանի տարօրինակություն, որոնց արժի ուշադրություն դարձնել. փետրվարի 3-ին Նարեկ Կարապետյանի կողմից հրապարակված տվյալները վկայում են, որ հարցումն իրականացվել է առնվազն մի քանի օր առաջ՝ հունվարին (որոշակի ժամանակ է անհրաժեշտ ոչ միայն հարցումներն անցկացնելու, այլև դրանց տվյալները մշակելու համար)։ Մինչդեռ Ղահրամանյանը վկայում է, որ հարցումներն անցկացվել են փետրվարի 12-ից առաջ և հետո՝ այդպես էլ, սակայն, չկոնկրետացնելով ժամկետը, ինչը շատ կարևոր է։ Եվ բացի սրանից, հարց է ծագում՝ արդյոք մեկ ամսվա մեջ երկու անգա՞մ է նույն ընկերությունը սոցհարցում իրականացրել և երկու տարբեր արդյունքներ ստացել, որոնցից մեկով՝ Կարապետյանը 34-«տոկոսանոց» վարչապետ է, մյուսով՝ 35, թե՞ գործ ունենք նույն հարցման հետ, որը, ըստ քաղաքական նպատակահարմարության, «ձևովները» որոշել են քիչ մը հավելագրմամբ «ռասկրուտկա» անել՝ մոռացության տալու IRI-ի հարցման՝ Սամվել Կարապետյանին վերաբերող ողբալի արդյունքները։
Եվս մեկ հանգամանք՝ հարցման ձևակերպումը, որը, ինչպես նկատեցինք,
ծայրահեղ ապակողմնորոշող է ու
մանիպուլյատիվ՝ հարցվողին ընտրելու
հնարավորություն է տվել վարչապետի երկու
թեկնածուի միջև՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյան։ Սա այն դեպքում, երբ նախկին
նախագահ Ռոբերտ Քոչարյանը (և այլ քաղգործիչներ) նույնպես քանիցս ազդարարել է
վարչապետ դառնալու իր հավակնությունների մասին։ Այսինքն՝ նա ևս եղել է պոտենցիալ
վարչապետացուների թվում, սակայն հարցումն իրականացնելիս նրա անունը շրջանցվել է՝
հարցվողների ընտրությունը սահմանափակելով երկու թեկնածուների միջև։ Թվաբանական
պարզ հաշվարկը հուշում է, որ երկուսի միջև ընտրություն կատարելիս ձայները կիսվում
են, և տոկոսային այլ պատկեր է ի հայտ գալիս, իսկ երեք և ավելի թեկնածուների միջև
ընտրություն կատարելիս ձայները բաշխվում են համամասնորեն, ու տոկոսային պատկերը,
ըստ այդմ, փոփոխվում է։ Ասել կուզի՝ եթե հարցվողները ընտրություն կատարելու լինեին
նաև Քոչարյանի, Փաշինյանի ու Կարապետյանի միջև, ապա Սամվել Կարապետյանի ստացած
տոկոսները մեծ հավանականությամբ այլ
կլինեին, դիցուք՝ (լավագույն դեպքում) 20-25 տոկոս, վատագույն դեպքում՝ 6 տոկոս․ հենց այդքան հանրային
վստահության տոկոս ունի Սամվել Կարապետյանը՝ ըստ IRI-ի հարցման արդյունքների։
Եվ «ամենաշեդևրալը»․ պարզվում է՝սոցհարցումն իրականացնող ընկերությունը որոշել է
ձեռքի հետ նաև մաթեմատիկայում նորամուծություն անել՝ տոկոսային սանդղակը 100-ից դարձնելով 101։ Պարզվում
է՝ բացի Նիկոլ Փաշինյանին և Սամվել Կարապետյանին կողմ արտահայտված 34 և 35 տոկոս հարցվածներից՝
եղել են նաև 19 տոկոս հարցվածներ, որոնք ոչ մեկին էլ կողմ չեն եղել, հարցվածների
13 տոկոսն էլ պատասխանել է՝ «չգիտեմ»։ Երբ պարզ թվաբանական գործողություն ենք անում՝
34+35+19+13 ստանում ենք 101 տոկոս։ Օ՜, մաթեմատիկայի հայր Արքիմեդ, օ՜ սոցիոլոգիայի
կնքահայր Կոնտ, գլուխ գլխի տվեք, բացատրեք, խնդրում ենք, հայկական սոցիոլոգիայի այս
առեղծվածը, որը, համոզված ենք, նույնիսկ հանգուցյալ Ահարոն Ադիբեկյանն ի զորու չէր
լինի բացատրել։
Մինչ առաջին երկու մեծությունները մեր խնդրանքին արձագանքելու
ձև կգտնեն՝ նկատենք, որ այս առեղծվածը հարուցել է ֆեյսբուքահայության խինդն ու ծիծաղը։ Օգտատերերից
մեկը գրել է՝ «Կալուգայի զավոդում, փաստորեն, տոկոսները էս «ուժեղ ձևով» են հաշվել, 100, քարը տրաքի՝
101 տոկոս»։ Մյուսն էլ կատակել է՝ «տոկոսները սենց հաշվելով է երևի Տաշիր Սամոն միլիարդները
կուտակել ու մտել «Ֆորբսի» ցուցակ»։
Հ. Մանուկյան