Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Նիլակշի Սահա Սինհային: Այս մասի տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:


 

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման կարևորությունը, որը հանդիսանում է ՀՀ Կառավարության ծրագրով ամրագրված առաջնահերթություններից մեկը:


 

Նախարար Վահե Հովհաննիսյանը և դեսպան Նիլակշի Սահա Սինհան քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ հաշվի առնելով առևտրաշրջանառության ծավալների աճի դրական դինամիկան:


 

Ներկայումս երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև նախատեսվում է կնքել հանրային ֆինանսների կառավարման ոլորտում համագործակցության հուշագիր, որը նպատակաուղղված է պետական ֆինանսական համակարգերի արդյունավետության բարձրացմանը և նախատեսում է գիտելիքի ու փորձի փոխանակում բյուջետավորման, ներքին աուդիտի և ոլորտի թվային տրանսֆորմացիայի ուղղություններով: