Ոստիկանությունը զգուշացնում է զեղծարարությունից խուսափելու համար ընդհատել «5G կապի» թարմացման անվան տակ ստացվող հեռախոսազրույցները։ Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:
«Ձեզ զանգահարում են և ներկայանում որպես բջջային օպերատորի աշխատակից, համոզում են, թե անհրաժեշտ է հեռախոսում տեղադրել հատուկ հավելված (ծրագիր)՝ 5G կապն ակտիվացնելու կամ կարգավորելու համար: Ծրագիրը տեղադրելուց հետո հանցագործները ստանում են ձեր հեռախոսի հեռակա կառավարման հնարավորություն, մուտք են գործում ձեր բանկային հավելվածներ և հափշտակում գումարը»,-նշված է հաղորդագրությունում:
Ոստիկանությունը հորդորում է երբեք չտեղադրել անծանոթների կողմից առաջարկվող հավելվածներ:
«Բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում տեղադրել կողմնակի ծրագրեր: Կասկածելի զանգ ստանալիս անմիջապես անջատել հեռախոսը և զանգահարել ձեր օպերատորի պաշտոնական թեժ գծին»,- նշում են ոստիկանությունից: