Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ. Հասմիկ Հակոբյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ստամբուլում հրավիրված Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի աշխատանքներին:


Վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Մեծարգո՛ պարոն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,


Մեծ պատիվ է այս վեհաժողովին դիմել մի թեմայով, որը մեր սերնդի համար բարոյական հրամայական է:


Ես Հայաստանից եմ, մի երկրից, որը շարժվում է դեպի կայունության նոր դարաշրջան: 2025 թվականի օգոստոսի 8-ին մենք շրջեցինք պատմական էջ. Ադրբեջանի հետ ստորագրված համատեղ հռչակագիրը ավելին էր, քան պարզապես կարևոր իրադարձություն: Այն փոխադարձ ինքնիշխանության հանձնառություն էր՝ ամրագրված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրում: Այսօր, տասնամյակների ընթացքում առաջին անգամ, արդեն գրեթե երկու տարի է մեր սահմաններին զոհեր չեն եղել: Զենքերի լռությունը մեր հույսի ամենահզոր ուղերձն է:

Հույսը դառնում է տևական, երբ այն իրական օգուտներ է բերում: «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի միջոցով մենք Հարավային Կովկասը վերածում ենք հաղորդակցության հանգույցի: Անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանից բեռնատար գնացքը հասավ Հայաստան Վրաստանի տարածքով՝ 1991 թվականից ի վեր առաջին անգամ: Մենք նաև պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցիկ փոխադրումներին՝ հավատալով, որ փոխկախվածությունը թշնամանքի լավագույն հակաթույնն է:


Իմ կառավարությունն ընդունել է «Իրական Հայաստանի» տեսլականը՝ մի պետություն, որը խարսխված է իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Դիվանագիտությունն ընտրելով՝ մենք նաև ապահովել ենք մեր քաղաքացիների վերադարձը գերությունից:


Մոտենալով 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններին՝ մեր նպատակն է խաղաղությունն ու ժողովրդավարությունը դարձնել անշրջելի: Մենք հասկացել ենք, որ մեր ճակատագրերը փոխկապակցված են: Եթե մենք չապահովենք մեր խաղաղությունը, ոչ ոք դա չի անի: Հայաստանը պատրաստ է կառուցել ապագա, որտեղ սահմանները խոչընդոտներ չեն, այլ համագործակցության դարպասներ:

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը: