Շրջանցելով Ռուսաստանը. Թուրքիան Եվրոպային կոչ է անում ակտիվանալ Միջին միջանցքի նախագծում

Եվրոպան պետք է ավելի ակտիվ մասնակցություն ունենա Միջին միջանցքի զարգացման գործում, որը կարող է դառնալ տնտեսական և աշխարհաքաղաքական տրանսֆորմացիայի առանցքային գործիք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպայի բաժնի վարիչ Մուստաֆա Փուլաթը։


Նրա խոսքով՝ Միջին միջանցքի նախագիծն ունակ է զգալի օգուտներ բերել ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև եվրոպական պետություններին։


«Այս նախագիծը Եվրոպայի համար պարզապես այլընտրանքային երթուղի կամ լոգիստիկ գիծ չէ, այլ տնտեսական, աշխարհաքաղաքական և ռազմավարական տրանսֆորմացիայի գործիք», — նշել է նա։


Փուլաթն ընդգծել է, որ միջանցքը կարևոր նշանակություն ունի նաև Եվրոպայի անվտանգության տեսանկյունից։


«Երկար ժամանակ Եվրոպան Ասիայի հետ առևտրում հիմնականում կախված է եղել հյուսիսային երթուղուց, որն անցնում է Ռուսաստանով։ Միջին միջանցքի երկայնքով տեղակայված երկրները, մասնավորապես Ադրբեջանը և Կենտրոնական Ասիայի պետությունները, հարուստ են նավթով, գազով և էներգիայի այլընտրանքային աղբյուրներով, ինչը Եվրոպայի համար հասանելիություն է բացում դեպի էներգետիկ նոր ռեսուրսներ», — հայտարարել է դիվանագետը։


Նա հավելել է, որ այս երթուղու միջոցով Եվրոպան կկարողանա նաև ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Ըստ դիվանագետի՝ Մերձավոր Արևելքում տիրող անկայունությունը, պատերազմներն ու ճգնաժամերը բացասական ազդեցություն են թողնում Միջին միջանցքի հետ կապված գործընթացների վրա։