Վեդի համայնքի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համայնքում տեղի ունեցած միջադեպին, որի շրջանակներում անչափահասները մուտք էին գործել շինություններից մեկը։ Համայնքապետը հերքել է շրջանառվող այն լուրերը, թե վնասվել է որևէ դպրոցի գույք։
Ըստ պարզաբանման՝ այն շենքը, որտեղ մուտք են գործել անչափահասները, կապ չունի կրթական համակարգի ներկայիս գործող հաստատությունների հետ: Տարածքը նախկինում զբաղեցրել է «Եվրոպական քոլեջի» Վեդու մասնաճյուղը: Շենքի մյուս մասնաշենքում գործել է «Օրինաց երկիր» կուսակցության գրասենյակը։
Համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ 2025 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ այդ գույքը նվիրաբերվել է Վեդի համայնքին։ Նախատեսվում է այնտեղ կազմակերպել «Վեդի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի գործունեությունը։
Սակայն, գործընթացն այս պահին կանգ է առել իրավական խնդիրների պատճառով.
«Վերոնշյալ գույքի մասով այս պահին առկա է դատական վեճ, որի մանրամասները վաղը իմ պաշտոնական էջով կներկայացնեմ»,- նշել է համայնքապետը։
Համայնքի ղեկավարը գրառմանը կից հրապարակել է նաև Կառավարության համապատասխան որոշման լուսանկարը՝ որպես հիմնավորում։
