Պետության քաղաքականությունն է ստեղծել համակարգ, որտեղ յուրաքանչյուր անձ կունենա ներուժի լիարժեք իրացման և առաջընթացի հնարավորություն․ Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր մասնակցել է Աշխատանքի պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ կազմակերպված՝ արժանապատիվ աշխատանքի և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման թեմայով միջոցառմանը։


 

Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը, Ազգային ժողովի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և պաշտոնատար այլ անձինք։


 

Իր ելույթում նախարար Թորոսյանն ընդգծել է արժանապատիվ աշխատանքի և անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովման կարևորությունը՝ նշելով, որ պետության քաղաքականությունն ուղղված է այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ զբաղվածության ոլորտից կամ սոցիալական կարգավիճակից, կունենա ներուժի լիարժեք իրացման և մասնագիտական առաջընթացի հնարավորություն։


 

Նախարարը շեշտել է, որ աշխատանքի և զբաղվածության ոլորտում շարունակվում են օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքները՝ միտված աշխատողների իրավունքների պաշտպանությանը։ Այս համատեքստում Արսեն Թորոսյանը խոսել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև աշխատողների առողջության պահպանման վերաբերյալ գործատուների ունեցած պարտավորությունների մասին։