Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհահատվածում ավտովթար է տեղի ունեցել, և կան տուժածներ։ Հայտնում է shamshyan.com-ը:
Բժիշկները վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Պարզվել է, որ «Hyundai Fit» մակնիշի ավտոմեքենան Թեղուտ-Հաղարծին գյուղամիջյան ճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20-30 մ բարձրությունից ընկել ու հայտնվել Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին։
Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն ճանապարհին Նարե Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։
Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ալմարա Ա․-ն ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։