Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է վերջին երկու օրերի աշխատանքը՝ նշելով, որ Հանրայինը հանդես է եկել որպես խոշորագույն միջազգային և պետական միջոցառումների պաշտոնական հեռարձակող։
Ըստ Մովսիսյանի՝ հեռուստաընկերությունն ապահովել է աննախադեպ ծավալի՝ շուրջ 15 ժամ տևողությամբ ուղիղ հեռարձակումների շարք։
Հովհաննես Մովսիսյանն ընդգծել է Հանրայինի դերը համաշխարհային լրահոսում՝ ապահովելով կարևորագույն իրադարձությունների տեսանելիությունը.
«Մենք ապահովեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ամբողջական ուղիղ հեռարձակումը՝ և’ Հայաստանի, և’ ամբողջ աշխարհի համար»,- նշել է նա։
Բացի գագաթնաժողովից, հեռուստաընկերությունը պրոֆեսիոնալ մակարդակով իրականացրել է նաև մի շարք այլ բարձրաստիճան հանդիպումների հեռարձակումները. Էմանուել Մակրոնի պետական այցի պաշտոնական հեռարձակումը, Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի լուսաբանումը, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և ընթացիկ մի շարք պետական նշանակության իրադարձությունների հեռարձակումները։