ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 22-ին առաջին ընթերցմամբ քննարկել է ««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթով փոփոխություններ և լրացումներ է նախատեսվում կատարել ՏԻՄ ոլորտը կարգավորող շուրջ 24 օրենքներում:
Նշվել է, որ նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է վերանայել գործող օրենսդրական ակտերը՝ մշակելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և վերջիններիս վերապահված լիազորությունների իրականացման համար առավել արդյունավետ գործիքակազմեր, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորմամբ լուծել գործնականում տեղական ինքնակառավարման մարմինների առջև ծառացած օրենսդրական կարգավորում չունեցող հարցերն ու խնդիրները:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունելու նոր ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ինչպես նաև գործող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը համապատասխանեցնելու նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորումներին:
Ասատուր Վարդանյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են համատիրությունների աշխատանքին, համատիրությունների նկատմամբ առաջարկվող վերահսկողությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին: