Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ՝ Ադրբեջանի հետ համակարգված և աջակցում է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ՝ առանց որևէ ուշացման: Նա միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի օրինական և արդարացված մտահոգությունները կվերացվեն։
Արտգործնախարարը հայտարարել է, որ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար հնարավորությունների կոնկրետ պատուհան է բացել: Իսկ Թուրքիան կանի ամեն ինչ՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու համար:
Նա նաև նշել է, որ վերջին չորս տարվա ընթացքում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։