«Վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»․ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել բռնության կոչեր հնչեցնելու համար
Բաժանորդագրվեք մեզ նաև
Տելեգրամում
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասով։
Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի ապրիլի 4-ին, ժամը 16:30-ից 18:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 19-րդ հասցեում գտնվող ՀՀ Ազգային ժողովի մուտքի դարպասների մոտ «Միասին հասարակական շարժում» կազմակերպության կողմից անցկացվող հավաքի ժամանակ բարձրացել է որպես ելույթի հարթակ ծառայող ավտոքարշակի թափքի վրա և բարձրախոսով՝ հրապարակային եղանակով, որը լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով և ինտերնետային կայքերով, հետևաբար հասու է դարձել հասարակության լայն շրջանակի համար, քաղաքական հայացքներով պայմանավորված, այն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված անվտանգային և տնտեսական վիճակի մեջ մեղադրելով վերջինիս, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու կոչեր: Այն է՝ խոսելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է. «Արա ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով», որպիսի գործողությունը ՀՀ-ում հետպատերազմական, կարելի է ասել՝ շարունակվող պատերազմական իրավիճակով և լարված քաղաքական իրադրությամբ պայմանավորված Հ. Բագրատյանի համակիրների կամ որոշակի կարգավիճակում գտնվող անձանց՝ «ընդդիմադիր հայացքներ ունեցող, պատերազմից տուժած ընտանիքների» մոտ, առանց խոսքի արժանահավատությունը վերլուծելու, բռնության կոչերն իրագործելու իրական վտանգ է ստեղծել:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշված հանցանքն ապացուցվելու դեպքում պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Վովա Հակոբյան